Մեր կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են, դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտվել է նրանց աշխատանքը: Ըստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ:
ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին:
Մեր կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են, դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն և բացահայտել բոլոր մեղավոր անձանց:
Այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են 1in.am, azatutyun.am, armlur.am, a1plus.am «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնության գործադրման կամ ոստիկանների հնարավոր ներգրավման մասին վկայող տեսանյութեր, խնդրում ենք դրանք անհապաղ տրամադրել Պաշտպանի աշխատակազմին: Հեղինակների ինքնության գաղտնիությունը երաշխավորում ենք:
Ահազանգեր են ստացվել նաև քաղաքացիների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ