Սարի թաղում ցուցարարներն ու լրագրողները բռնությունների են ենթարկվել, կան տասնյակ վիրավորներ
Սարի թաղից մարդկանց շարունակում են բերման ենթարկել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը, կարմիր բերետավորները բռնի ուժով մարդկանց փողոցից բերման են ենթարկում: Լրագրողը հայտնում է, որ Սարի թաղում քաղաքացիական հագուստներով ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա, հարվածներ հասցրել ցուցարարների ձեռքերին ու գլխի հատվածում: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնում է, որ ինքը ևս հարվածներ է ստացել գլխի և ձեռքերի շրջանում: Վերջինս հաղորդում է, որ այլ լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ ևս բռնություն է գործադրվել: Նրա խոսքով՝ ոստիկանների թիրախում էին հատկապես նկարահանող սարքերը: Վերջինիս խոսքով՝ իրենց տեխնիկան մասամբ կոտրել են: Լրագրողի խոսքով՝ շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են Սարի թաղից դուրս գալիս:
«Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Հրայր Թամրազյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը ունեին լրարգրողական վկայականներ և լրագրողական սարքավորումներ։ Երկուսն էլ ենթարկվել են բռնության, մահակներով հարվածներ են ստացել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։ Նրանք ասել են Հովհաննեսին. «էդ նկարում ես, հա՞»։ «Մոտեցան և սկսեցին հարվածել, ջարդեցին տեխնիկան։ Սարսափելի է»։ Ինչպես հաղորդում են Հովհաննեսը և Կարլենը ոստիկանները պոկել են լրագրողական վկայականները։ Ծեծի են ենթարկել նաև ցուցարարներին։