«Սա ռուսական գաղութատիրության դեմ ձևավորվող ազատագրական պայքար է». Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» խմբավորումը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՊՊԾ գնդում գտնվող Վարուժան Ավետիսյանի խոսքը: «Այսօր բոլոր պրոցեսները ուղղակիորեն կառավարվում են դրսից: Ես Ռուսաստանի մասին եմ խոսում: Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը ճնշելու և մեզ լիկվիդացնելու պրոցեսը կառավարվում է ոչ Հայաստանից: Այս բոլոր ճնշումները Ռուսաստանի արտաքին կառավարման ներքո են: Ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանի իշխանություններն ընդամենը նրանց ադմինիստրատորն են տեղում, լուռ ու մունջ, ուժային մարմինների միջոցով մեր ժողովրդի դեմ գործողություններ են կատարում` ազգային հերոսների են սպանում, վիրավորում:
Այսօր ոչ թե սերժյան բանդան, այլ իրենց կրեմլյան հովանավորներն են իրենց ձեռքը վերցրել ժողովրդի դեմ ուղղված գործողությունների կառավարումը: Վերջապես հասկանանք, սա ազգային ազատագրական պայքար է, սա իշխանության համար պայքար չէ, հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարն է` ընդդեմ գաղութացման: Մենք ուզում ենք, որ և՛ մեր ժողովուրդը, և՛ միջազգային հանրությունը վերջապես իմանան, որ սա ռուսական գաղութատիրության դեմ ձևավորվող ազատագրական պայքար է: Այսօր բացի Ռուսաստանից, աշխարհի ոչ մի երկրում այս ազատագրական շարժման դեմ չեն գնում, չեն հալածում, չեն ձերբակալում: Ոստիկանության գունդի ղեկավարների դարակներում կգտնեք ռուսական փաստաթղթեր, ռուսական կազակական գնդերի փաստաթղղթեր, շքանշաններ: Գաղտնի՞ք է, որ սա ռուսական ադմինիստրացիա է, թե՞ մեր երկրի Հակաօդային պաշտպանությունը Զիմբաբվեն մեր ձեռքից վերցրեց: Թե՞ մեր երկրի ստրատեգիական նշանակության օբյեկտները Կոլումբիան է մեր ձեռքից վերցրել: Թե՞ մեր սահմանը Անգլիան է հսկում: Մի՞թե սրանք քիչ հիմքեր են օտար գաղութատիրության դեմ պայքար սկսելու համար»: