«Աշխատում են ռուս դիպուկահարներ». Արմեն Մարտիրոսյան

«Մոտ կես ժամ առաջվա տվյալներով՝ ևս երկու ազատամարտիկի են վիրավորել, իրենց տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է այս օրերին, իրենց թուլությունն է, ոչ թե իշխանությունների. «Հենց մենք թուլացրեցինք մեր պայքարի աստիճանը, իշխանություններն օգտվեցին դրանից»:

Նա հայտարարեց, որ այսօր իրենց հանրության ֆիզիկական մասնակցությունն է պետք, ոչ թե՝ հոգեպես աջակցությունը:

«Աշխատում են ռուս դիպուկահարներ, պահանջում եմ, որ պաշտոնատար անձինք հստակ պատասխանեն՝ որքանով է ճիշտ այդ տարածված լուրը, որ ոչ թե մեր ջոկատայիններն են աշխատում, այլ ռուս դիպուկահարները: Մեր պայքարը շարունակվում է, ակնհայտ է, որ մարզերում՝ մի փոքր ուշացումով, բայց սկսել են ակտիվանալ: Իշխանությունները հյուծիչ պատերազմ են իրականացնում, մեր ազատամարտիկները բարձր բարոյական արժեքներ ունեցող մարդիկ են, և դա ցույց տվեցին՝ ոստիկաններին ազատ արձակելով, մեր իշխանություններն ուխադրուժ եղան և դիպուկահար կրակոցներով փորձում են նրանց չեզոքացնել»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը:

Նա ժողովրդին կոչ արեց ակտիվ մասնակցել, եթե մարդկանց դուր չի գալիս հարթակում կանգնած խոսողը, թող սուլեն, իջեցնեն, իրենցից մեկը թող գա խոսի. «Միայն թե, պայքարը մի կանգնեցրեք, մի ասեք՝ հոգնել ենք, բան չի դուրս գալիս»:

Տեսանյութեր

Լրահոս