Ինչո՞ւ է Հայրիկյանն իջել հարթակից. «Ես չեմ ուզում, որ այդ խորհուրդը դառնա «Ժառանգության» դուքանը»
«Մերոնք մասնակցում են, տարբեր մասնաճյուղերից, նույնիսկ բնակավայրերից, իսկ իմ անձնական մասնակցությունը կախված է անհրաժեշտությունից: Ես այնտեղ մի նրբերանգ ունեմ, այսինքն՝ եթե հանրությունը մի քանի կեղտոտ պրովոկատորների չի կարողանում սանձել, ես այդպիսի հարցերով չեմ գնում հրապարակ: Ես հրապարակ գնում եմ լուրջ հարցերով զբաղվելու: Բայց եթե այնտեղ մի քանի կեղտոտ պրովոկատորներ ուզում են ժողովրդի ուշադրությունը շեղել կարևոր հարցերից, և ես պիտի նաև դրանով զբաղվեմ, ավելի լավ է ես այդ հնարավորությունը չտամ պրովոկատորներին, որովհետև սանձել կարող եմ, նույնիսկ ականջները կարող եմ ձգել, բայց դա ո´չ իմ անելու գործն է, ո´չ իմ տեղը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին հանրահավաքների ժամանակ հարթակում իր բացակայությունը:
Ըստ նրա՝ Խորենացուց հետո կազմակերպական ամբողջ գործն ինքն է արել, նաև հրավիրել է ցաքուցրիվ եղած խորհրդի անդամներին. «Եվ հետո լսում եմ, որ մի երկու հոգի բարբաջում են, որ Հայրիկյանը պետք է հեռանա, որն ընդհանրապես վնասակար բան էր: Ոչ թե Հայրիկյան, նույնիսկ եթե ասեին՝ հնարահավաքին ներկա Պողոսը պետք է հեռանա, դա էլ շեղող բան է: Բայց ես պրովոկացիաներին էլ պետք է արձագանքե՞մ»:
Պ. Հայրիկյանը նշեց, որ հենց զգա, որ իր գործը պետք է, տեղում կլինի, կարող է ընդամենը 3 րոպեից հասնել: Նրա խոսքով՝ ինքը շարունակում է մնալ համակարգող խորհրդի անդամ, դուրս չի եկել. «Ես ինձ դուրս դրած չեմ համարում: Մի նրբերանգ կա, որի մասին մի 2 օրից կխոսեմ: Ներսում էլ սադրիչ կար, որ պետք է ներողություն խնդրի խորհրդի անդամների մոտ, հրապարակավ ոչինչ պետք չէ, բայց այստեղ պետք է ներողություն խնդրի, որ այլևս սադրանքներով չզբաղվի: Ամբողջ խնդիրն այն է, որ ես չեմ ուզում, որ այդ խորհուրդը դառնա «Ժառանգության» դուքանը»: