![](/banners/BeFunky-design.jpg)
«Տանն ահռելի զինանոց ունեմ, որին հաստատապես կզիջի Սուրիկ Խաչատրյանի զինանոցը». Լևոն Բարսեղյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Levon-Barsexyan.jpg)
Ժամեր առաջ ազատ արձակված Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ու նրա փաստաբան Հայկուհի Հարությունյանը հանդիպեցին լրագրողների հետ: Նախ՝ փաստաբանը նշեց, որ գործն ամբողջությամբ կարճվել է. «Նույն հիմքով գործ Լևոն Բարսեղյանի նկատմամբ այլևս չի կարող հարուցվել, ու նույն հիմքով նա այլևս երբեք չի ազատազրկվի»:
Լևոն Բարսեղյանն էլ զարմանք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը չհաջողեց իր այս արկածախնդրության մեջ. «Ըստ երևույթին, իշխանությունը որոշեց նահանջել: Երևի ուզում էին՝ ինձ մեկուսացնել ինչ-որ ժամանակով: Երեկ տան խուզարկության որոշում են ունեցել, գնացել են մեր տուն (ես սեփական տուն չունեմ, տղայիս տանն եմ ապրում, իմ ունեցածը 3 ավտոմեքենան է, ավելի շատ դրանց մեջ եմ ապրում, լավ կլիներ՝ մեքենաները խուզարկելու որոշումներ լիներ), դուռը փակ է եղել: Սա էլ իրենց կոպիտ սխալն է, որովհետև տանը ոչ թե՝ այս տեսակ, այլ՝ ահռելի զինանոց ունեմ, որին հաստատապես կզիջի Սուրիկ Խաչատրյանի զինանոցը: Իրենց գլխակեր օլիգարխների ունեցած զենքը ստից բան է՝ իմ ունեցած զինատեսակների համեմատ»:
Նա նշեց, որ 13 ամիս առաջ, երբ իրեն բերման են ենթարկել, նույն դանակն է եղել մոտը.
«Արձանագրել էին ու դանակն ինձ էին վերադարձրել՝ ասելով, որ նորմալ է, ունեք այդ իրավունքը: Անցած կիրակի էլ, երբ ինձ բերման ենթարկեցին, խուզարկեցին, արձանագրություն կազմեցին, այս դանակն էլ՝ մեջը: Հասկանո՞ւմ եք՝ սրանց բթության մակարդակն ուր կարող է հասնել… Երեկ փաստաբանը Մասիվի ոստիկանությունից հանել է նաև այդ փաստաթղթերը»:
Լևոն Բարսեղյանն ընդգծեց, թե իմացել է, որ ամսի 27-ին հաղորդագրություն են տարածել, թե իբր իրեն բաց են թողել ու ինքը «թռել» է.
«Ինձ Խորենացի փողոցից այնտեղ են տարել գիշերը 2:45 րոպեին, միաժամանակ Սեդա Մավյանին էին բերման ենթարկում: Տարել են Շենգավիթի ոստիկանություն, ես ասել եմ, որ Սերժիկ Սարգսյանի մենթերի հարցերին չեմ պատասխանում: Չպատասխանեցի, ոչինչ չգրեցի, չստորագրեցի, դանակս հանեցին, ուրախացան, առանձնացրին, որպեսզի ուղարկեն փորձաքննության: Ժամը 8:20 րոպեին Շենգավիթի ոստիկանության այդ սենյակ են գալիս Գյումրու Կումայրի բաժնի ոստիկաններ՝ քաղաքացիական հագուստով, ու ինձ բերանացի հանձնում են նրանց: Այդ եկած 3 մենթերն ինձ հրամայում են նստել իրենց մեքենան (սև գույնի ԳԱԶ 31) ու տանում Գյումրու Կումայրի բաժին: Այնտեղ ինձ պահել են 10:30-ից մինչև 14-ն անց քանիս: Ժամը 1-ին բաժնի պետն ինձ բերել է ֆաքսով ստացած ծանուցագիր այն մասին, որ ես ժամը 17:00-ին պետք է ներկայանամ Շենգավիթի ոստիկանություն՝ հարցաքննության: Ես ստորագրել եմ, որ ստացա այդ ծանուցագիրը, և հարցրի՝ ազա՞տ եմ, պատասխանեցին՝ այո, բայց չթողեցին՝ դուրս գամ: Ասացին՝ դուք ազատ եք, բայց մենք պետք է ձեզ տանենք: Էս տեսակ լակոտություն»:
Նա նշեց, որ ֆիզիկական ուժով իրենց պահում են.
«Ժամը 2-ն անց քանիս նստեցնում են մեքենա, տանում են Գյումրի՝ քաղաքի ծայրը (երևի հրաժեշտի տուր էին կազմակերպում Գյումրիով), հետո բերում են Երևան: Երևան հասանք ժամը 16:10-ին, այսինքն՝ 50 րոպե ավելի շուտ, քան հարցաքննության ժամն էր: Շենգավիթի ոստիկանության բաժնում նոր փաստաբանին տեսա: Այդտեղ էլ դուրս չէին թողնում, որ գնամ Քննչական բաժին: Ժամը 5-ից հետո 15 րոպե Հայկուհին դուռը ծեծում էր, ներս չէին թողնում: Հետո նորից սկսեցին ինձ խուզարկել: Ժամը 7-ից 5 պակաս նոր սկսեցին մեղադրանք ներկայացնել ՝ սառը զենք պահելու կասկածանք՝ 235 հոդվածի չորրորդ մասով, ու ձերբակալման որոշում: Ժամը 7-ին տարան դատաբժշկական փորձաքննության, և ժամը 8-ին տարան Էրեբունու՝ ձերբակալվածների պահման վայր, որտեղ 2 օրերի ընթացքում ինձ բացարձակ հարգալից են վերաբերվել: Այդտեղ ինչ տեղի է ունեցել՝ տեղի է ունեցել միայն օրենքի շրջանակներում: Քննչականում նույնպես հարգալից են վերաբերվել: Անհարգալից վերաբերմունք դրսևորել են Կումայրու բաժնի և Շենգավիթի բաժնի մենթանոցներում՝ մի քանի մենթերի կողմից:
Երկու օր այնտեղ պահելուց հետո հայտնաբերեցին, որ իմ դանակը սառը զենք չէ»:
Մանրամասները՝ Մեդիա կենտրոնի տեսանյութում: