Ռուսաստանի հետ հարաբերությունները այլընտրանք չեն Արևմուտքի հետ հարաբերություններին. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունները, այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները այլընտրանք չեն ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին, տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի բանակը ավելի արդյունավետ պայքար կմղի ԴԱԻՇ-ի դեմ իր շարքերում իրականացվող «զտումներից» հետո, հայտնում է Reuters-ը:
«Այն ավելի հուսալի ու արդյունավետ է դարձել մարտում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը` մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերի այն հայտարարությունը, թե Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի հետևանքով սկսված «զտումները» խոչընդոտում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը:
«Թուրքիայում մեր զրուցակիցներից շատերը կալանավորված են կամ աշխատանքից հեռացված: Այդ ամենը դժվարացնում է համագործակցությունը թուրքերի հետ»,- նշել էր նա: