«Արամ Հակոբյանին նստեցրել են ավտոմեքենան, մինչև ԱԱԾ շենքի 3-րդ հարկը բարձրացնելն իրեն ծեծել են»

ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները հանդիպել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ըստ պաշտոնական վարկածի իրավապահներին հանձնված Արամ Հակոբյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը։ Նրա խոսքով՝ Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ուներ և դժվարությամբ էր շարժվում։

«Լրատվամիջոցներում հայտարարություն էր տարածվել, որ նա ինքնակամ հանձնվել է։ Հենց առանձնազրույցի ընթացքում նա հայտարարեց, որ, երբ Պավելին ու նրա տղային արդեն վիրավորել էին, ինքն էր վիրավորներին պատգարակով տեղափոխում ՊՊԾ-ի տարածքից դուրս, որպեսզի հիվանդանոց տեղափոխեն։ Այդ ընթացքում նա անզեն է եղել։ Տեղափոխելու ընթացքում 7 ոստիկաններ հարձակվել են իր վրա, հենց ՊՊԾ-ի տարածքում 7 հոգով ծեծել են։ Նստեցրել են ավտոմեքենան, մինչև Ազգային անվտանգության շենքի 3-րդ հարկը բարձրացնելն իրեն ծեծել են՝ Խորենացի փողոցից մինչև Նալբանդյան փողոց և շենքի 3-րդ հարկ։ Մարմնական վնասվածքներ ուներ, ՁՊՎ-ում հրաժարվել էր շտապօգնությունից։ Իր փաստաբանն ու դատաբժիշկը պիտի գային՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացներ։ Ինքը պաշտոնապես հայտարարում է, որ քրեական հանցագործներ չեն, ինչպես հայտարարում են՝ դա մեր ազգի համար է, մեր ապահովության համար է։ Ցանկանում էր նշել, որ ինքնակամ չի հանձնվել, այլ 7 հոգով հարձակվել են, ինքն անզեն է եղել, 7 հոգով հարձակվել են, ծեծել են»։

Տեսանյութեր

Լրահոս