Գառնիկ Իսագուլյանն Ալեք Ենիգոմշյանի անցյալից էջեր է բացահայտում. «Ալեք Ենիգոմշյանը փորձել է սպանել Վահե Գավրաշին»

«Հիմա, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց մոտ կանչած բուժանձնակազմին պատանդ են վերցրել, ես ասում եմ հետևյալը, որ ներսում գտնվող տղաներն ահաբեկիչներ և տեռորիստներ են, և դրանից հետո պետությունը, իշխանությունները, ուժային կառույցներն իրավունք ունեն կատարելու ցանկացած միջոց՝ պատանդներին ազատ արձակելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա՝ բուժանձնակազմին իրենց մոտ վերցնելու պահից սկսած՝ տեղի է ունենում ահաբեկչություն:

«Եթե այդ տղաները, որ իրենց ապստամբ էին անվանում, հիմա պետք է թաքնվեն բուժքրոջ և բուժաշխատողների հետևում, ես չգիտեմ՝ այլ ինչ որակում տալ այդ տղաներին: Ու դրսում գտնվող բոլոր նրանք, ովքեր աջակցում են ահաբեկիչներին, ոչնչով չեն տարբերվում նրանցից, ու իրենք էլ են համարվում ահաբեկիչներ»,- հայտարարեց Գ. Իսագուլյանը:

Նա ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի կյանքից մի էջ ներկայացրեց լրագրողներին:

«Քանի որ պարոն Ենիգոմշյանը թույլ է տվել իմ ընկերոջը (Վիտալի Բալասանյանին) վարկաբեկել ու ստախոս անվանել, ներկայացնեմ պարոն Ենիգոմշյանի կյանքից մի երկու դրվագ: 1980 թվականին Ժնևում պարոն Ենիգոմշյանը Սյուզի Մահսերեջյանի հետ միասին նախապատրաստել են ահաբեկչական ակտ, ռումբը հյուրանոցի համարում պայթել է իր ձեռքերում, որովհետև սխալ է միացրել: Լավ է՝ Սյուզին մյուս համարում է գտնվել: Ենիգոմշյանն այդ ժամանակ կորցրել է ձեռքը և տեսողությունը, բայց Սյուզին, որը Մոնթե Մելքոնյանի եղբոր կինն է, հավասարապես կրել է պատիժը Ենիգոմշյանի հետ միասին: Նախ՝ թող ինքը պատասխանի, թե ո՞ւմ դեմ էր պատրաստված այդ ահաբեկչական գործողությունը: Շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, որ թուրքական դեսպանատան կամ որևէ բանի նկատմամբ: Ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Թող ինքը պատասխանի, բայց ես կտամ մի մարդու անուն՝ Վահե Գավրաշ՝ բարերար և բարեգործ, որը հիմա ՀՀ քաղաքացի է դարձել ու շատ է օգնում ԼՂՀ-ին բազմաթիվ գործողություններում: Ի՞նչ է հայտնաբերվել պարոն Ենիգոմշյանի գրպանում՝ արդյոք թուրքական դեսպանատան նախագի՞ծը, թե՞ ուրիշի տան նախագիծը, որից իրենք պահանջել են փող, նա հրաժարվել է տալ»,- պատմեց Գ. Իսագուլյանը:

Նա նշեց, որ այդ փաստաթղթերն առկա են ու շվեյցարական հատուկ ծառայությունների մոտ կան. «Պարոն Ենիգոմշյան, ես կարեկցում եմ Ձեզ, Դուք հայրենասեր մարդ եք, բայց պետք չէ ստել, հատկապես ստախոս հանել լեգենդար հերոսին, որն ապացուցել է, որ ինքը չի ստում ու ոչ մեկին թյուրիմացության մեջ չի գցում, ու եթե նա շարունակեր իր միջնորդական առաքելությունը, համոզված եմ, որ հաջորդ օրը հանգուցալուծումը պատրաստ կլիներ»:

Տեսանյութեր

Լրահոս