«Չորսի նախաձեռնությունը» ճգնաժամի հաղթահարման առաջարկություններ է ներկայացնում

«Չորսի նախաձեռնությունը» քննարկումների արդյունքում մշակել է փաստաթուղթ՝ Հայաստանում տիրող ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ։ Նախաձեռնության կազմում են «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը։

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ պետականությունը կանգնած է վտանգի առաջ, և պետք է ուղիներ որոնել՝ հանգուցալուծումը հնարավորինս հարթ իրականացնելու համար։ Նա նշեց, որ մշակված փաստաթուղթը բավական հում է, իրենք չեն ասում, թե այս փաստաթուղթը բոլոր հարցերի լուծման դեղատոմսն է, դրա շուրջ ցանկանում են քննարկումներ կազմակերպել, բարելավել այն։ Ավետիք Իշխանյանն ասաց, որ չեն հավակնում միջնորդ լինել, չեն ձգտում իշխանության, պարզապես անհանգստացած են և ցանկանում են առաջարկություններ ներկայացնել։

«Հայաստանի Հանրապետությունում, արդեն երրորդ շաբաթն է՝ ճգնաժամը հասել է պայթյունավտանգության բարձրակետին: Երկրում տարիներ շարունակ տիրող անարդարության, սոցիալական անհավասարության, մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների շարունակական ու հետևողական խախտումները հանգեցրին մի վիճակի, որի անհապաղ ելքերի որոնման ու նախանշման անհրաժեշտությունը պետականության պահպանման հրամայականն է:

Կլոր սեղանին քննարկման համար առաջարկվում են հետևյալ թեզերը՝ վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հրատապ քայլեր, կարճաժամկետ հրատապ քայլեր: Վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հրատապ քայլեր՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, հուլիսի 17-ից սկսած բոլոր բերման ենթարկվածների ազատ արձակում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներին սննդի, բուժօգնության հարցի լուծում, անհապաղ հրապարակային և արդյունավետ քննություն սկսել ոստիկանական կազմակերպված բռնությունների ու ապօրինի գործողությունների վերաբերյալ, տարածքը լքելու պայմանների շուրջ «Սասնա ծռերի» ՊՊԾ տարածքում գտնվող անդամների հետ վերսկսել բանակցությունները, նշանակել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության գործով՝ ներառելով միջազգային և հասարակական անկախ փորձագետների:

Կարճաժամկետ հրատապ քայլեր՝ կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովի ձևավորում, որտեղ ներառված կլինեն հանրության վստահությունը վայելող, կոռուպցիայի դեմ պայքարում հմտություններ և կարողություններ ունեցող լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, կառավարության փոփոխություն, գործունեությունը՝ որպես ժամանակավոր կառավարություն, Ոստիկանության, ԱԱԾ պետի հրաժարական, Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի վերակազմավորում՝ որպես նախարարություններ:

Նոր ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ քայլեր՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունում, ԿԸՀ լուծարում և հանրության վստահությունը վայելող նոր կազմի ձևավորում, ՀՌԱՀ հանձնաժողովի լուծարում և հանրության վստահությունը վայելող, լրագրության և խոսքի ազատության բնագավառներում գործունեություն ծավալած լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավում, Արցախի հետ կապված բանակցային գործընթացի թափանցիկություն ու առկա փաստաթղթերի հրապարակում»։

Տեսանյութեր

Լրահոս