«Մտավորականների խորհուրդը» չի պահանջում նախագահի հրաժարականը, որովհետև երկրի ղեկավար փոխելը «հղի է մի շարք վտանգներով»

«Մտավորականների խորհրդի» անդամ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, կոչվում է՝ քաղաքական ճգնաժամ. «Ստեղծվել է մի դրություն, որ ներքևները չեն ուզում, վերևները չեն կարող: Սա իրոք ճգնաժամ է, նույնիսկ շատ լավատես տրամադրված քաղաքագետները չենք կարող ժխտել դա: Այս դեպքերը կրկին անգամ ապացուցեցին, որ վերևները կամ չեն ուզում, կամ չեն հասկանում, թե ինչ է ընդհանրապես կատարվում հանրապետությունում»:

Ըստ Ա. Նավասարդյանի՝ իշխանությունների և «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև տեղի ունեցածը բանակցությունների իմիտացիա է: Նրա խոսքով՝ նման իրադրություններում բանակցությունները լինում են միանգամայն պրոֆեսիոնալ, նպատակամղված, որին մասնակցում է ամբողջ հանրապետության սերուցքը, ո՞ւր են նրանք, չկան»:

Ա. Նավասարդյանը կարծում է՝ այն, ինչ այսօր կատարվում է, կարող է բերել շատ վատ հետևանքների: Նրա դիտարկմամբ՝ բացառված չէ, որ Հայաստանում կարող է սկսվեն մի քանի գործընթացներ. «Կարող է լինել քաղաքական քաոս, կարող է լինել քաղաքացիական պատերազմ, չեմ բացառում նաև գունավոր հեղափոխությունների հնարավորությունը, այս իրադրության մեջ մենք չենք կարող երկար համբերել և տեսնել՝ ինչ է կատարվում հանրապետության հետ»:

Ա. Նավասարդյանի գնահատմամբ՝ նման ներքին ճգնաժամային իրավիճակում Ղարաբաղի հետ կապված մեր խնդիրները միայն և միայն սպառնում են շատ լուրջ հետևանքներով:

«Այսօր մեր որոշ քաղաքագետների, մտավորականների կողմից գործադրվում են ճիգեր՝ վերափոխելու մեր աշխարհաքաղաքական վեկտորը, կարելի է միանալ բլոկներին, անջատվել, կարելի է փոխել գործընկերներին, ամեն ինչ կարելի է անել, բայց դրա համար պետք է ճիշտ ժամանակ ընտրել, այսօրվա ճգնաժամային իրավիճակում փոխել մեր ուղվածությունը, կարող է բերել լուրջ վտանգների և հետևանքների»,- նշեց Ա. Նավասարդյանը:

«Մտավորականների խորհրդի» մեկ այլ անդամ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն էլ պարզաբանեց, թե ինչո՞ւ իրենք նախագահի հրաժարականը չեն պահանջում. «Մենք խորը վելուծություն ենք արել՝ իրավիճակի հետ կապված, և շատ լավ հասկանում ենք, թե այդ պարագայում ինչ է ձևավորվելու, ինչպիսի մթնոլորտ կարող է ձևավորվել հանրապետությունում: Մենք պետք է առաջին հերթին՝ մտածենք՝ պետության ապագայի հետ կապված ինչ խնդիրներ են առաջ գալիս: Եթե մենք էլ հուզական մոտեցումներով գանք, ասենք՝ բոլորդ հեռացեք, այդպես պետությունում ստեղծվում է մի քաոսային իրավիճակ: Անհրաժեշտ է քայլ առ քայլ գնալ փոփոխությունների»:

Քանդակագործ, «Մտավորականների խորհրդի» անդամ Ֆերդինանդ Առաքելյանն էլ նշեց, որ նախագահ փոխելն այդքան հեշտ չէ, պետք է պատրաստվել դրան, դրա համար ժամանակ է պետք:

Ա. Նավասարդյանը նշեց, որ այսօր խորքային ճգնաժամ է սկսում մեզ մոտ, և այսօր պետության ղեկավար փոխելը հղի է լուրջ վտանգներով. «Դուք ինձնից վատ չգիտեք՝ ովքե՞ր կան քաղաքական դաշտում, ո՞վ պետք է գա և ի՞նչ մեխանիզմով»:

 

Տեսանյութեր

Լրահոս