Պավել Մանուկյանի տեսակցությունների վրա արգելանք է դրվել
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննության օրն ու ժամը դեռևս հայտնի չէ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Պավել Մանուկյանի կնոջն ու դստերը թույլ չեն տվել տեսակցել նրանց՝ պատճառաբանելով, որ Պավել Մանուկյանի տեսակցությունների վրա արգելանք է դրվել։
Ինեսա Պետրոսյանը մտահոգություն հայտնեց Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պահման պայմանների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ վիրահատությունից ժամեր անց Արամ Մանուկյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ տարրական պայմաններ չկան։ Պաշտպանի խոսքով՝ տարածքը, որտեղ պահվում է Արամ Մանուկյանը, հիվանդանոց չի հիշեցնում։ Պաշտպանը նշեց նաև, որ միջնորդելու է Արամ Մանուկյանին կրկին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։