ՀՀ կառավարությունը 50 հազար եվրո կփոխhատուցի Մատաղիսի գործով նախկին զինվորներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով այս տարվա մարտի 17-ի վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 50 հազար եվրոյին համարժեք դրամ փոխհատուցում կտրամադրվի Մատաղիսի գործով արդարացված ամբաստանյալներին: Ըստ այդմ, փոխհատուցում է տրամադրվում ՄԻԵԴ-ի վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Կառավարությունը 20 հազար եվրոյին համարժեք դրամ կտրամադրի Մատաղիսի գործով նախկին ամբաստանյալ Արայիկ Զալյանին, 15-ական հազար եվրոյին համարժեք դրամ՝ նույն գործով ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանին ու Մուսա Սերոբյանին:
Ըստ կառավարության` որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի սեպտեմբերի 17-ն է: