«Պավլիկ Մանուկյանը և իր որդին չեն հանձնվել, նրանց, այսպես ասած, զախվատ են արել». Արմենակ Կյուրեղյան
Երեկ ուշ երեկոյան ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած գործողության հետևանքով Պավլիկ Մանուկյանին ու իր որդուն վիրավորելու և տարածքից դուրս բերելու գործողությունը Ոստիկանության և ուժային կառույցների կողմից մարտական գործողության արդյունք չէ, այլ արդյունք է քրեական հանցագործների, թաղի տղաների գործողության, որպիսին չի եղել նույնիսկ ադրբեջանական գրոհայինների կողմից: Այս մասին այսօր շտապ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Կյուրեղյան եղբայրների հայր Արմենակ Կյուրեղյանի խոսքով՝ երեկ ոչ մի հատուկ օպերացիա տեղի չի ունեցել, գրոհ տեղի չի ունեցել, այլ ուշ երեկոյան Պավլիկ Մանուկյանը փորձել է բանակցել Ոստիկանության հետ, որպեսզի իրենց տրամադրեն բժիշկ, կամ վիրավորին տանեն բուժելու, և այդ ժամանակ կրակ է բացվել նրա վրա ծանր գնդացրային տեսակի զենքից: Ըստ նրա՝ Պավլիկ Մանուկյանի որդին, տեսնելով դա, վազել է հորն օգնության, ու նրա վրա ևս կրակ է բացվել: Ա. Կյուրեղյանը նշեց, որ «Սասնա ծռերի» անդամներից Գևորգը ևս փորձել է հասնել օգնության, և նրան էլ են վիրավորել. «Պավլիկ Մանուկյանը և իր որդին չեն հանձնվել, նրանց, այսպես ասած, զախվատ են արել: Այսինքն՝ այդ տղաները չեն հանձնվել, դա ապատեղեկատվություն է, և ամբողջ եղելությունը սա է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և՝ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց»: Պավել Մանուկյանի և նրա որդու հանձնվելու մասին որևէ տեղեկատվություն չի տարածվել պաշտոնական աղբյուրներից, որի մասին ներկայացնում են ասուլիսի բանախոսները:
Հրավիրված ասուլիսի բանախոս Ա. Կյուրեղյանի կարծիքով՝ այս պարագայում ամենակարևորն այն է, որ բոլոր այն հավաստիացումները, թե իշխանություններն ամեն ինչ անում են, որ անարյուն լուծեն այս հարցը, չեն համապատասխանում իրականությանը.
«Երբ այսպիսի բևեռացում է եղել մեր ազգի մեջ, մի կողմում ոստիկանությունն է, մի կողմում ժողովուրդը, և հնարավոր են մեծ բախումներ, սա միտումնավոր իրավիճակի սրում է և Հայաստանը դեպի քաոս տանելու միտում կա»:
Քաղաքական գնահատականները Ա. Կյուրեղյանը թողեց քաղաքական գործիչներին: Ըստ նրա՝ քարոզչական պատերազմ է սկսվել սեփական ժողովրդի դեմ: Ա. Կյուրեղյանը հերքեց մամուլում տարածված լուրերը, որ «Սասնա ծռերի» տղաները թույլ չեն տալիս գնդի տարածքից տեղափոխել վիրավորներին:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանն էլ իր հերքին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են»: Վերջինս նաև, որպես ապացույց, տեսանյութ էր ներկայացրել:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակը տեղեկացրել էր, որ «Իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:
Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների նկատմամբ»:
Լուսանկարը՝ Aravot.am-ի