Բաժիններ՝

Աշոտ Ահարոնյանը հերքում է. Պավել Մանուկյանն ու Արամը վիրավորվել են փոխհրաձգության հետևանքով

«Հիմնադիր խորհրդարանի» մամլո քարտուղար Սյուզան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Սասնա ծռերի» հետ կապ է հաստատվել: «Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված՝ հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը:

Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»,- գրել է Ս.Սիմոնյանը:

Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ս.Սիմոնյանի այս գրառումը՝ հորդորեց հիմնվել միայն ճշգրտված, պաշտոնական տեղեկատվության վրա.

«Նշյալ օգտատերը վերջին 10 օրվա մեջ ինչ տեղեկություններ տրամադրել է, դրանք չեն համապատասխանել իրականությանը: Կոչ եմ անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց»:

Անդրադառնալով ՊՊԾ գնդում զինյալների կողմից պատանդառված բուժաշխատողներին՝ Ա.Ահարոնյանը նշեց, որ բանակցություններ են վարվում նրանց ազատ արձակելու ուղղությամբ: Թե զինյալների տրամադրությունն ինչպիսի՞ն է, կամ որքա՞ն են մտադիր պահել բուժաշխատողներին, Ահարոնյանը չմանրամասնեց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և՝ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին հրաձգությունը դադարել է, և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացն ավարտին հասցնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս