Բաժիններ՝

«Թող բերեն Արմենչիկին՝ բանակցի, վաստակավոր արտիստի կոչում են տվել». Վահրամ Մարտիրոսյան

«Սասնա ծռեր խումբը ստեղծեց Հայաստանում մի բևեռ, մի այլընտրանք՝ իշխանությանը, որը կարող է հանրության արդարացի կամ, որոշ դեպքերում, վիճելի պահանջները պաշտպանել: Ծայրահեղ քայլերի խմբին մղել է իշխանությունը. բավական է հիշատակել Հայկ Կյուրեղյանի դեպքը, որին ընդամենը գազի ատրճանակից օդ կրակելու համար դատապարտեցին 9 տարվա ազատազրկման:

Եվ որտե՞ղ են հիմա Հայկ Կյուրեղյանի եղբայրները, դուք գիտեք. նրանք՝ ավտոմատներով, գտնվում են ՊՊԾ գնդում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը՝ նկատելով, որ սա շատ լուրջ նախազգուշացում էր իշխանությանը, որ չանեն քայլեր, որոնք Հայաստանի ապագան կվտանգեն գլոբալ ձևով. «Հողեր վերադարձնելու մասին խոսակցություններն էլ էին այս գործողությունների պատճառների թվում»:

Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հավելեց՝ դժգոհությունը հասել է իր սահմանին.

«Սրանից հետո անպայման պետք է լինեն ակցիաներ, որովհետև ՀՀ քաղաքացիներն այլևս նահանջելու տեղ չունեն: Մենք հասկանում ենք, որ մեր երկիրը տեր չունի, անտեր է»:

Նրա խոսքով՝ իշխանություններն ու զորամասը գրաված տղաները մտել են փակուղի, որովհետև պատրաստ չէին՝ առանց արյունահեղության խնդիրը լուծելու.

«Օրինակ՝ Վիտալի Բալասանյանի միսիան ավարտվեց միայն նրանով, որ պատանդներն ազատ արձակվեցին: Դա մեծ առաջընթաց էր, բայց վերջնագրեր էին դրված և՛ իշխանությունների, և՛ զինյալների կողմից: Հեղինակությունների բացակայությունը բերեց նրան, ինչ եղավ այս գիշեր. եղան կրակոցներ և արյունահեղություն: Սա լուրջ պարտություն էր մեր հասարակության համար: Պետք է գտնվեին մարդիկ, որոնք կառաջարկեին բանաձև. լուծումներ, ու արյունահեղություն չէր լինի»,- ասաց Ազատ Արշակյանը:

Հեղինակությունների բացակայության միտքը շարունակելով՝ Վահրամ Մարտիրոսյանը նշեց.

«Կատարվել է հեղինակությունների հետևողական ոչնչացման գործընթաց: Ասենք, ինչո՞ւ իշխանությունը որպես միջնորդ՝ չբերեց Արմենչիկին: Թող բերեն Արմենչիկին՝ բանակցի, վաստակավոր արտիստի կոչում են տվել: Դա է ձեր մտավորականության չափանիշը: Մեր մտավորականներին ու մնացած արվեստագետներին էլ այնքան եք նվաստացրել, որ որևէ մեկը հանդգնություն չունեցավ՝ շպրտի ձեր երեսին ձեր տված կոչումը: Այդ մարդիկ արդեն հեղինակություն չեն, որպես հանրային դեմք՝ խոսք ասելու իրավունք չունեն»:

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա, Ազատ Արշակյանի կարծիքով՝ դրանք վերջնագրի տեսքով են ընթանում: Իսկ հանրահավաքների մասնակիցների մասով նա նշեց, որ մարդկանց մեծ զանգվածը դժգոհողներն են, որոնք ելք են փնտրում.

«Իսկ հարթակում հայտնված քաղաքական ուժերը մասամբ արժանի էին այնտեղ լինելու, բայց այնտեղ կային մարդիկ, որոնք խոսափող տեսան ու ելույթ ունեցան: Ոչ թե պետք է ժողովուրդը հավաքվի, ու մարդն ամառանոցից գա՝ խոսք ասի, այլ ինքը պետք է հավաքի ժողովրդին»:

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս