«Սառեցված հակամարտությունը կարող է բավական արագ վերափոխվել տաք հակամարտության, ինչը տեսանք Լեռնային Ղարաբաղի օրինակով». Շտայնմայեր
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Քիշնևում Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ երեկ կայացած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Մոլդովային և Մերձդնեստրին ամրապնդել վստահությունն ու առարկայական դարձնել հակամարտության կարգավորման վերսկսված բանակցությունները, հայտնում է TASS-ը:
«Մոլդովան և Մերձդնեստրը պետք է ամրապնդեն վստահությունը, բովանդակալից բանակցություններ վարեն»,- հայտարարել է Շտայնմայերը`«5+2» ձևաչափով (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, ԵՄ) բանակցությունների վերսկսումը կարևոր փուլ համարելով հակամարտության լուծման ճանապարհին:
«Միայն պահպանելով Մոլդովայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ կարելի է խոսել Մերձդնեստրի հատուկ կարգավիճակի մասին: Դա մեր տեսլականն է»,- ասել է գերմանացի նախարարը:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Գերմանիան «որոշել է կենտրոնանալ ԵԱՀԿ տիրույթում չլուծված համակարտությունների վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի»:
«Կարծում եմ՝ որ Մերձդնեստրի սառեցված հակամարտությունը կարող է բավական արագ վերափոխվել տաք հակամարտության: Մենք դա տեսանք Լեռնային Ղարաբաղի օրինակով: Կարևոր է Մոլդովայում կայունություն ապահովելը»,- նախազգուշացրել է Շտայնմայերը: