Ռուսաստանի և Թուրքիայի միջև մինչև տարեվերջ կարող է կնքվել ազատ առևտրի մասին համաձայնագիր
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին չի բացառում, որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ձևակերպվել 2017 թվականին: Նա ենթադրում է, որ երկու երկրները արդեն 2016թ. վերջին կարող են հստակեցնել համաձայնագրի ստորագրման ժամկետը: Զեյբեքչին այդ մասին հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
«Դեռ մեզ չի հաջողվել հաստատել համաձայնագրի ստորագրման նոր ժամկետներ, սակայն կարծում եմ, որ մինչև տարեվերջ մենք դա կանենք: Եվ, հնարավոր է, 2017թ. համաձայնագիրը համաձայնեցվի և ստորագրվի»,- նշել է նա:
Նշվում է, որ բաց է մնում այն ապրանքների հարցը, որոնք կարող են դառնալ ազատ առևտրի մասին համաձայնագրի օբյեկտներ:
«Դա քննարկման հերթական հարցն է, սակայն չպետք է դառնա խնդիր: ԵՄ-ի հետ մաքսային միությունը մի բան է, Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը` մեկ այլ բան: Կարող եմ ասել, որ մեր նպատակն ապագայում կայանալիք բանակցություններում գյուղատնտեսական մթերքներ ներառելն է»,- հավելել է թուրք նախարարը: