«Կինս ուզում էր հետս գար, ասի՝ դու ի՞նչ գործ ունես՝ գաս, հետո փոշմանեցի՝ գլխաքանակ ա, էլի». Ռուբեն Հախվերդյան
«Սերժ Սարգսյանին բերել են պաշտոնի ռուսական հատուկ ծառայությունները, և նա պաշտպանում է ռուսական քաղաքականության շահերը»,- այսօր Խորենացի փողոցում տեղի ունեցած «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի աջակիցների և համախոհների հանրահավաքի ժամանակ հայտարարեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ նշելով, որ ռուսի ծրագիրն է՝ «Հայաստանն առանց հայերի»:
Նա իր խորին հարգանքը հայտնեց «խեղճ ու կրակ զինվորիկներին», որոնց կանգնացրել են իրենց ղեկավարները, որովհետև իրենք ոչինչ չունեն ստանալու.
«Ախր իրանք էդքան փող էլ չեն ստանում: Եթե միջադեպ լինի, կորցնելու ի՞նչ ունեք, ձեր չնչին աշխատավա՞րձը: Իզուր մի´ կանգնեք կառավարության կողքը, կանգնեք ժողովրդի կողքը, դուք նրա համար եք»:
Ռ. Հախվերդյանը կոչ արեց՝ հաջորդ անգամ ամեն մեկն իր հետ ևս 4 հոգի բերի հանրահավաքի և ամուր կանգնեն «Սասնա ծռերի» տղաների կողքը:
«Ճիշտն ասած, էսօր կինս ուզում էր հետս գար, ասի՝ դու ի՞նչ գործ ունես, հետո փոշմանեցի, որովհետև էլի գլխաքանակ ա, էլի»,- ասաց նա:
(Հանրահավաքից տեսանյութը՝ 1in.am-ի)
«Մեր օլիգարխները և պաշտոնյաները նաև քանդում են մեր երկիրը՝ էկոլոգիական իմաստով: Ամեն մեկը մի հանքի տեր է, ամեն մեկը մի ուժ է իրենից ներկայացնում և իրենցից ցածր գտնվող մարդկանց ստրկացած վիճակ են տալիս: Մեկին մի բնակարան են տալիս, մեկին՝ մի կտոր հաց, նրանք էլ սուս են մնում: Էդ ա, այսպես կոչված, «մտավորականությունը»:
Մեր ազգն է մտավորականությունը»,- հանրահավաքում հայտարարեց Ռուբեն Հախվերդյանը:
Ի դեպ, տարիներ առաջ հրավիրված մի ասուլիսում լրագրողները Ռ. Հախվերդյանին մեղադրել էին ՀՀ բոլոր երեք նախագահներից մշտապես օգտվելու և նրանց քննադատելու մեջ:
Արձագանքելով լրագրողների այն հարցին, թե՝ «բարոյական համարո՞ւմ եք փաստը, որ բոլոր իշխանություններից օգնություն եք ստացել` հետո քննադատել», Ռուբեն Հախվերդյանը հակադարձել էր. «Եթե որպես արվեստի գործիչ՝ աջակցություն եմ ստացել, չի նշանակում, որ անձնական, քաղաքացիական դիրքորոշում չպիտի ունենամ»:
Ռ. Հախվերդյանը նույնիսկ մանրամասնել էր, թե ՀՀ երեք նախագահներից յուրաքանչյուրից ինչ օգնության է ստացել.
«Սկսեմ Լևոն Տեր-Պետրոսյանից: Ասում էին, որ նրանից 100 հազարներով դոլար եմ ստացել ու մեկնել բուժման, բայց դա սուտ է: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մտավորականներին բուժում էին Ֆրանսիայում` որպես Ֆրանսիայի քաղաքացի, այսինքն` ձրի: Քոչարյանից 3 սենյականոց բնակարանի փոխարեն՝ 4 սենյականոց եմ ստացել: Ինչ է՝ մի սենյակ է՞լ չպետք է ունենայի երգեր գրելու համար: Սերժ Սարգսյանն ինձ աջակցել է այն ժամանակ, երբ դեռ պաշտպանության նախարար էր: Սերժ Սարգսյանը մի անգամ 30.000 դոլար է տվել մանկական երգերի ձայնապնակի համար: Բայց մի՞թե դա կապ ունի քաղաքականության հետ: Սերժ Սարգսյանից երեխաներն են շնորհակալ, որ հիմա հայերեն երգեր են երգում: Եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնես»,- նշել էր նա (տեսանյութում):