«Ազգակցական կապերի մասին թող մտածի ԱԱԾ տնօրենը». Տիգրան Ուրիխանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցությունը հայտարարել է Երևանում ծավալվող բողոքի շարժմանը մեծ կազմով միանալու մասին: Ընդ որում, դա ներկայացվել է, իբր թե «կուսակցության ակտիվն արձագանքում է ժողովրդի կոչին»: Իր հերթին՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է «կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ» ձեռնարկելու մասին՝ նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով: Ինչպես հայտնի է, այս երկու հայտարարությունների հեղինակներն ազգակցականներ են. Տիգրան Ուրիխանյանը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի մորաքրոջ տղան է: Ի՞նչ դերակատարում կունենա այս հանգամանքը:

168.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե մտավախություն չունի՞, որ միանշանակ չի գնահատվի իր ներկայությունը՝ հաշվի առնելով ԱԱԾ պետի հետ իր ազգակցական կապը, Տ.Ուրիխանյանը հայտարարեց. «Ազգակցական կապերի մասին թող մտածի ԱԱԾ տնօրենը, ես չէ, որ պիտի մտածեմ: Իմ քաղաքական կուրսի տերը բացառապես ես եմ և իմ կուսակցական թիմը»:

Նա նշեց, որ այսօրվա հանրահավաքի ժամանակ ինքը հարթակում չի լինելու: Իր ընդդիմադիր կեցվածքի մասին, Ուրիխանյանի համոզմամբ, խոսում են ԱԺ-ում երկար տարիներ իր քվեարկությունները, դիրքորոշումներն ու հայտարարությունները, մասնակցությունները տարատեսակ իրադարձություններին: Իսկ թե հասարակության կողմից ինչպե՞ս կընկալվի ԱԱԾ պետի մորաքրոջ տղայի՝ կուսակցության «մեծ կազմով» մասնակցությունը Խորենացի փողոցում այս օրերին՝ ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի ընթացող ակցիաներին, Ուրիխանյանը խորհուրդ տվեց հարցնել հասարակությանը:
Ի դեպ, հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում Տ. Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության նշյալ հայտարարությանը, մեղմ ասած, թերահավատությամբ արձագանքեցին՝ միմյանց հիշեցնելով, թե նա ում ազգականն է:

Մեր հարցին, թե արդյոք ԱԱԾ զգուշացումներից հետո մտավախություն չկա՞, որ զարգացումները վտանգավոր ընթացք կստանան, Ուրիխանյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Կա մտավախություն, հետևաբար՝ «Ալյանսը» մասնակցելու է բացառապես խաղաղ, քաղաքակիրթ և վտանգ չներկայացնող գործողություններին»: Նա հույս հայտնեց, որ իրադարձությունները խաղաղ և քաղաքացու արդարացի պահանջները բավարարող ընթացք կունենան:

«Ամբողջ իրողությունն արտահայտում է Հայաստանի Հանրապետությունում ապրող լայն զանգվածների դժգոհություն, ցասում, զայրույթ՝ երկրում առկա անարդարության, դրա բազմաթիվ դրսևորումների վերաբերյալ: Սա մտահոգիչ է նաև «Ալյանսի» համար:
«Ալյանսն» արտահայտել ու արտահայտում է այդ միտքը և կանգնել է ու կանգնում է ժողովրդի լայն զանգվածի կողքին: Ի տարբերություն ոմանց, առանց փորձեր անելու սեփական անձի PR-ի ու ռասկրուտկայի համար, ես զերծ եմ մնացել, զերծ եմ մնում և շարունակելու եմ զերծ մնալ որևէ այլ տեսակետ հայտնելուց: Ինչ վերաբերում է իրադարձությունների հետագա զարգացմանը, ինձ հետաքրքրում է, որպեսզի հրապարակում, հարթակում, երթի ժամանակ հնչած կոչերը, այն է՝ իշխանությունների փոփոխություն, այն է՝ հողերի զիջումների բացառում, այն է՝ զինյալների նկատմամբ հումանիստական վերաբերմունք, եթե մարդիկ սովամահ են լինում, անհրաժեշտ է հաց ու մթերք հասցնել, եթե մարդիկ դեղորայքի կարիք ունեն, անհրաժեշտ է դեղորայք հասցնել, և ադեկվատ բանակցությունների այս պահանջները պետք է բավարարվեն»,- ասաց Ուրիխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս