Ադրբեջանում զինծառայողներ են համաներման արժանացել
APA գործակալության հաղորդմամբ` հայտնի է այն զինծառայողների թիվը, որոնց նկատմամբ կիրառվել է Միլի մեջլիսի Համաներման մասին ակտը:
Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը այսօր տեղի ունեցած կոլեգիայի նիստում նշել է, որ շարունակվում են 2016թ. մայիսի 20-ին Միլի մեջլիսի ընդունած որոշման կյանքի կոչման աշխատանքները:
Ներկայում համաներում է կիրառվել 38 զինծառայողի նկատմամբ:
Համաներման մասին ակտն ընդունվել էր մայիսի 28-ին տոնվող Հանրապետության օրվա կապակցությամբ: Օրինագիծը խորհրդարանին էր ներկայացվել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի անունից:
Համաներման մասին ակտի իրականացման ժամկետը 4 ամիս է:
Համաներման են արժանացել հասարակության համար ոչ մեծ վտանգ ներկայացնող հանցագործություններ կատարած անձինք: Միաժամանակ, կան նաև սահմանափակումներ՝ համաներումը չի տարածվելու ծանր հանցագործություններ կատարած անձանց վրա: Համաներումը գրեթե չի առնչվել քաղբանտարկյալներին:
Սա 2007-ից ի վեր արդեն չորրորդ համաներումն է, որն անցկացվում է Ադրբեջանում: