500 հազար դրամ տուգանք՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Ա. Գյուրջյանը մեղավոր է ճանաչվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ։ Դատարանի վճռով նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք 500.000 դրամի չափով:

Ա. Գյուրջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածով այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ, ընդգրկված լինելով հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում, կեսօրին գնացել է այնտեղ ու կատարել իր քվեարկությունը, իսկ այնուհետև նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, կրկին ընտրելու նպատակով գնացել է ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ, քվեարկել, և այն քվեատուփի մեջ գցելու համար մոտեցել քվեատուփին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, այն է` քվեատուփի մոտ տվյալ պահին աշխատող հանձնաժողովի անդամը նրա անձնագրում հայտնաբերել է նշված հանրաքվեին արդեն իսկ մասնակցած լինելու հանգամանքը հավաստող կնիքի հետք, ինչից հետո քվեաթերթիկը ծրարով թողել է ընտրատեղամասում և վերցնելով անձնագիրը՝ հեռացել է:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին:
Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, իսկ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են կնոջ հղիությունը, կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը, առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարելը: Ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում դատապարտված և արատավորված չի եղել, ընտանիքի միակ կերակրողն է:

Տեսանյութեր

Լրահոս