Պայթյուն՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում. կան բազմաթիվ տուժածներ
Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է APA գործակալությունը:
Պայթյունի հետևանքով հրդեհ է սկսվել: Ադրբեջանի ԱԻՆ-ի հրշեջ մեքենաները մեկնել են դեպքի վայր:
haqqin.az-ի թղթակիցը հայտնում է, որ գործարանի տարածքում պայթյունները շարունակվում են, միաժամանակ, քաղաքի ելքի մոտ սկսվել են խցանումներ:
Հաղորդվում է, որ արկերի պայթյունը լսելի է գործարանից 40 կմ հեռավորությունից: Պայթյունի ալիքի հետևանքով քաղաքի բնակիչների պատուհանների ապակիները կոտրվել են:
Առաջին հզոր պայթյունին հաջորդել են ավելի թույլ պայթյուններ:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ: Դեռ հայտնի չէ զոհերի թիվը: Շիրվանի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 10 վիրավոր:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը տարածել է հայտարարություն` կապված Շիրվանի գործարանի պայթյունի հետ:
«Այսօր` ժ. 15:35-ին Շիրվան քաղաքի «Արազ» գործարանում հրդեհ է տեղի ունեցել»,- ասված է հայտարարության մեջ: