«Աշխարհում չկա որևէ գերպետություն, ուժ, որը գիշերը քնած՝ երազում է հզոր Հայաստանի մասին»

«Հայաստանը 2014-15թթ.-ից մտել է տատանումների փուլ: Մենք բաց ենք թողել բոլոր հնարավոր և անհնարին ժամկետները` երկիրը կարգի բերելու։ Եվ բնական է, որ, երբ ցանկացած հիվանդություն երկար է տևում, ի վերջո ավարտվում է ստացիոնար բուժումը, սկսվում է վիրահատությունը: Սա տրամաբանությունն է ցանկացած ճգնաժամի: Փաստորեն, մենք հիմա գտնվում ենք վիրահատման փուլում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նա ընդգծեց՝ մենք պետք է հասկանանք, որ ամեն մի կայծից կարող է հրդեհ լինել.

«Սննդի, դեղորայքի պրոբլեմն ի՞նչ պրոբլեմ է, որ ամեն անգամ այդ խնդիրը կա: Սա նշանակում է՝ հանգիստ տեղը կրակին յուղ լցնել: Բոլորս օրեցօր ավելի ջղաձիգ ենք լինելու, էլ չեմ ասում՝ հակամարտության մեջ մտած մարդիկ»:

Կառավարման փորձագետի խոսքով՝ մեծ վտանգ ունենք, որ, եթե լինեն որոշակի փոփոխություններ, մենք չընկնենք այն վիճակի մեջ, որի մեջ ընկել էինք 1991 թվականին.

«Այսինքն՝ դժգոհ լինելով նախորդ համակարգից՝ ստեղծեցինք մի համակարգ, որից էլ ավելի դժգոհ ենք»։

Հ. Մեսրոբյանը նկատեց՝ մենք ունենք վարկաբեկված գործիչների շարան, որոնք պարզապես չպետք է երևան.

«Սա կլինի դեստրուկցիա՝ բոլոր ասպարեզներով: «Հանրություն», «հասարակություն» բառերը շպրտեք մի կողմ, սա մեր ազգի, մեր ապագայի խնդիրն է։ Հիշո՞ւմ եք՝ մի քանի օր առաջ բացահայտ սադրանքներ էին գնում. թե ով է, ինչ է, ինձ չի հետաքրքրում: Եթե վարկաբեկված գործիչները բեմում են, սադրանքների հավանականությունը բարձրանում է։ Բոլոր այն հարցերը, որոնք տեխնիկական են ու հենց հիմա կարելի է լուծել, պետք է լուծել (սնունդ, դեղորայք և այլն): Պետք չէ հիմա՝ շիկացած վիճակում, արհեստական, տեխնիկական պրոբլեմները լուծել: Մենք բոլորս էլ մարդ ենք, եթե ինչ-որ մի պահ սկսեն նյարդերը տեղի տալ, հետո պատմության գրքերում մեր մասին լավ բաներ չեն գրի»։

Անդրադառնալով իրավիճակից դուրս գալու ելքերին՝ նա ասաց, որ ամենավատ տարբերակն արյունահեղությունն է ու երկրի (ՀՀ, ԼՂՀ) շեշտակի թուլացումը` բոլոր հետևանքներով.

«Ամենալավը` եթե հանկարծ հայտնվի մի թիմ, որը հենց այսօր կարող է երկրի կառավարումը վերցնել իր ձեռքը։ Այստեղ ես մտավախություն ունեմ. նման թիմ, դժբախտաբար, չկա: Մի վտանգավոր սցենարից էլ մենք պետք է զգույշ լինենք՝ վհուկների որսից: Այս, այսպես կոչված՝ հեղափոխությունները պարտադիր բերում են մի վիճակի, որտեղ սկսվում է վհուկների որսը, օրինակ՝ բացականչում են՝ պետք է լյուստրացիա անել, պետք է տեռորիստներին ոչնչացնել կամ պետք է գործակալներին գնդակահարել. սա ահավոր է, որովհետև հիմա նորմալ մարդն էլ չի կարող նորմալ վիճակում իրեն պահել: Երբ ամբողջ ազգը նման տատանումների մեջ է, նման պրովոկացիոն ելույթների դեպքում ուղղակի պետք է բերնին տալ նույն վայրկյանին, որովհետև հետևանքը ոչ ոք չի կարող հաշվարկել, բայց որ կարող է լինել, մենք դա գիտենք»:

Նա նաև նշեց՝ թարախը պայթեց.

«Մենք 25 տարի թարախ էինք հավաքել, տղաները նպաստեցին այդ թարախոտ վերքի բացմանը։ Դրա համար սկզբում ասացի` մենք հիմա վիրահատության մեջ ենք»։

Վերջում նկատեց՝ ճգնաժամերի ժամանակ միշտ ակտիվանում են արտաքին ուժերը.

«Եվ երբ սկսում են ասել՝ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխիքն է, Արևմուտքը մեզ տանում է քաղաքակիրթ ոլորտ, մի՛ հավատացեք: Պետք է հասկանանք՝ աշխարհում չկա որևէ գերպետություն, ուժ, որը գիշերը քնած՝ երազում է հզոր Հայաստանի մասին։ Ոչ մի արտաքին ուժի պետք չէ հզոր Հայաստան, որովհետև այն պահից, երբ Հայաստանը դառնա գործոն, խանգարելու է այդ ուժերին»:

Տեսանյութեր

Լրահոս