«Սասնա ծռերի» վիրավոր անդամները վիրահատվել են. մանրամասներ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամները վերջույթների հրազենային վիրավորում են ստացել։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նրանք գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում, երկուսն էլ վիրահատվել են։ Վիճակը գնահատվում է կայուն, համապատասխանում է հետվիրահատական վիճակին։

Հիշեցնենք, որ այսօր գիշերը վիրավորվել են Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը։ Ըստ «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարության ՝ գիշերը ժամը 2-իսահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և ՀովհաննեսՀարությունյանը:

Ոստիկանությունն էլ հայտարարել է , որ ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։

Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսըոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել գնդի տարածք։

Տեսանյութեր

Լրահոս