«30 հոգի ազատագրել են իրենց ամեն ինչից, հետո որոշել են ազատագրել Հայաստանի Հանրապետությունը». Լևոն Բարսեղյան

«Ո՞նց է լինում, որ ինձ Սարի թաղում չեն ծեծում, ձեզ ծեծում են: Մտածե՞լ եք այդ մասին: Կա՛մ ես էլ եմ խուլիգան, կա՛մ դուք էլ եք օրինազանց: Մտածեք»,- այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում հայտարարեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ դիմելով ոստիկաներին: Նա նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել, 1000 տարին մեկ է տեղի ունենում՝ փոքր Մհերը քարայրից դուրս է եկել:

«30 հոգի ազատագրել են իրենց ամեն ինչից, հետո որոշել են ազատագրել Հայաստանի Հանրապետությունը: Իրենք են այդ մեթոդն ընտրել, ժողովո՛ւրդ: Նույնիսկ Ազգային անվտանգության ծառայության պետն է ասել՝ դուք այստեղ պետություն եք ստեղծել, փաստորեն: Երևի աշխարհի ամենափոքր պետություններից մեկն է, ամենափոքր բնակչությամբ, շատ խայտառակ գենդերային խտրականությամբ, բայց շնչին ընկնող զենքի ու զինամթերքի քանակով առաջին տեղում է այդ պետությունը, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ զենքը չկրակի»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն ջանք ներդնելու են, որ որևէ կողմից զենք չկրակի:

Նա նշեց, որ տարիներ շարունակ իշխանություններին մարդիկ մատնացույց են արել երկրում առկա խնդիրները, հուշել են, սովորեցրել, ասել, որ այսպես երկար չի կարող շարունակվել, որ պետք է շնորհակալ լինեն, որ ժողովուրդը զենք չի վերցնում, սակայն նրանց թվացել է, թե ծաղրում են, վախեցնում, գործ ունենք իրականությունից կտրված իշխանության հետ: Նրա խոսքով՝ Հայաստանում չպիտի լինեն քաղբանտարկյալներ, մարդիկ, ովքեր քրեական հանցագործություն չեն կատարել, անազատության մեջ հայտնվել են այլ կերպ մտածելու պատճառով, հողեր չպիտի զիջվեն, օրինական իշխանություն պիտի լինի:

Տեսանյութեր

Լրահոս