Բաժիններ՝

Իշխանությանը ներկայացված առաջարկները պատասխան չեն ստացել. «Սասնա ծռերը» զրկված են սննդից, ջրից, դեղորայքից, բուժօգնությունից

Համակարգող խմբի առաջարկները Սերժ Սարգսյանին՝ այսօր մինչև երեկոյան ժամը 20:00-ը լուծել ապստամբ «Սասնա ծռերի» սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը, մինչ այժմ արձագանք չեն ստացել: Այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում մեկնարկած հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ ներկաներին փոխանցելով «Սասնա ծռեր» խմբի ջերմ ողջյունները, վստահությունը մեր ժողովրդի բարձր կորովի առկայության վրա և կոչը՝ մեկ միլիմետր անգամ հետքայլ չանել վճռականությունից:

«Մինչ այս պահը ոչ մի բանակցություն տեղի չի ունենում, և ամեն ինչ սառած վիճակում է»,- ասաց Ա. Ենիգոմշյանը:

Ըստ նրա՝ Ժիրայր Սէֆիլյանը գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ, նույնիսկ պաշտպաններին ու հարազատներին իրավունք չի տրվում տեսակցել նրան. «Տղաների այս պայքարը զուգահեռաբար՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակման պայքարն է, բայց մենք բոլորս պետք է գիտակցենք և այս իշխանությունների դեմ մեր ճնշումներն ավելացնենք, բազմապատկենք, կուտակենք, նաև Ժիրայր Սէֆիլյանին ազատություն տալու և առնվազն այս մեկուսացումից դուրս բերելու առումով»:

««Սասնա ծռերի» քաղաքական նպատակները մնում են անփոփոխ: Իշխանության ճնշումները չեն կարող ազդել «Սասնա ծռերի» տղերքի վրա»,- ասաց Ա. Ենիգոմշյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ իրենք կրկին դիմել են Կարմիր խաչին, որպեսզի նրանք անհրաժեշտ օգնություն տրամադրեն, բայց պատասխանել են, որ դա կազմակերպության իրավասությունից դուրս է: Ա. Ենիգոմշյանը նշեց, որ պետք է դիմեն միջազգային կառույցներին՝ իշխանությունների վրա անդադար ճնշում գործադրելու կոչով:

Ա. Ենիգոմշյանը հայտարարեց, որ վերջին ձերբակալված անձը շատերին հայտնի Սյուզան Սիմոնյանն է, ով 4-5 օր առաջ լուրջ առողջական խնդիր ուներ. բժիշկները պահանջում էին, որ նա մնա հիվանդանոցում: Նա պահանջեց, որ հրապարակվի բերման ենթարկվածների և ձերբակալվածների ցուցակը: Ա. Ենիգոմշյանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են անդադար պայքարը, ու, թեև բախում չեն փնտրում ուժայինների հետ, բայց չեն վախենում բախումներից:

«Մենք շարունակելու ենք պայքարը մինչև վերջ և հասնելու ենք այն օրվան, որ այսօր ՊՊԾ գնդի տարածքում եղած տղաները, գումարած՝ Ժիրայր Սէֆիլյանը, գումարած՝ բոլոր քաղբանտարկյալները, այստեղ հայտնվելու են մեր բազմահազար ժողովրդի առաջ»,- ասաց Ա. Ենիգոմշյանը՝ հավելելով, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ իր գործընկերների հետ, նաև Լարիսա Ալավերդյանը փորձում են միջամտել սննդի հարցը լուծելու համար. բայց հանդիպում են պատի, Ոստիկանությունն ու իշխանությունները գործի են դնում շանտաժ՝ առաջարկելով սննդի դիմաց իրենց հանձնել վիրավոր երիտասարդին, իբր հիվանդանոցում նրան բուժօգնություն ցուցաբերելու համար:
Ա. Ենիգոմշյանը հավաքվածներին նաև տեղեկացրեց, որ «Սասնա ծռերի» տղաներն այսօր անօդաչու թռչող սարք են խփել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս