«Երևանյան իրադարձությունները ղարաբաղյան հակամարտության ներկայիս բանակցությունների հետ կապ չունեն». Ստանիսլավ Տարասով

«Իշխանությունը Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված անձանց հետ փոխընդունելի լուծում պետք է գտնի երկխոսության միջոցով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով երևանյան իրադարձություններին:

Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հանցագործ չեն, բայց այն, ինչ նրանք անում են, պետության դիտանկյունից՝ հանցագործություն է: Սա է, ըստ Տարասովի, տեղի ունեցողի ձևակերպումը:

Ուստի, ռուս քաղաքագետի կարծիքով, պետք է այս իրավիճակին համապատասխան նուրբ լուծում տալ:

«Ինչպե՞ս կարող է Սերժ Ազատիչը գնալ ինքնաոչնչացման ճանապարհով, երբ շրջապատված է թշնամիներով՝ հաշվի առնելով երկրի ռեսուրսները, այդ թվում՝ մարդկային: Ոչնչացում կնշանակի կտրուկ ուժային գործողությունը: Յուրաքանչյուրի կյանքը բարձր արժեք ունի Հայաստանի նախագահի համար, առավել ևս, երբ խոսքն իր որոշ զինակիցների մասին է: Ուստի, խմբավորման անդամների հետ անհրաժեշտ է դուրս գալ փոխընդունելի, հավասարազոր երկխոսության:

Իշխանությունը պետք է լսի ընդդիմության ձայնը, իշխանությունը ոչ միշտ է խելացի, ուստի պետք է լսի ընդդիմության խոսքը, դժգոհությունը, իշխանությունը պետք է աշխատի կառուցողական, ընդդիմության ուժերն օգտագործելով, և պետք է փորձի գտնել ընդունելի լուծում, թեկուզև իրեն դուր չի գալիս Սէֆիլյանը և նրա կողմնակիցների պայքարի մեթոդները: Կողմերը պետք է փորձեն գտնեն եղանակներ՝ քաղաքական-դիվանագիտական երկխոսություն սկսելու համար»,- ասաց Տարասովը:

Վերջինիս կարծիքով՝ իշխանությունը պետք է խմբավորման անդամների տրամադրությունները մեղմելու նպատակով փորձի որոշակի անվտանգության երաշխիքներ տրամադրել նրանց, քանի որ խմբավորման անդամները գրավել են ընդամենը Ոստիկանության գունդ, այլ ոչ թե՝ Խորհրդարանի շենքը կամ այլ պետական հաստատության շենք:

«Այո, նրանք արտացոլում են երկրում առկա ընդդիմադիր դիրքորոշումները, պետք է դրանք կանոնակարգել ու սկսել բանակցել նրանց հետ: Այլ ելք չկա, հակառակ դեպքում՝ Հայաստանում ճգնաժամային դրսևորումները շարունակվելու են»,- նման վստահություն հայտնեց ռուս վերլուծաբանը:

Խոսելով տեսակետներից, թե Հայաստանում նախաձեռնված գործողությունը կապ ունի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս գործընթացի հետ՝ հաշվի առնելով խոսակցությունները, թե բանակցային սեղանին է դրված փաթեթ, համաձայն որի՝ հայկական կողմը տարածքային զիջումների պետք է դիմի, Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այդ բոլոր խոսակցությունները մտացածին են:

«Սերժ Սարգսյանը վերջին շրջանում իրավաբանորեն ստորագրել է միայն մեկ փաստաթուղթ, դա Սանկտ Պետերբուրգի արձանագրությունն է Ալիևի հետ հանդիպմանը, դրանում գրված է ամեն բան: Հենց այսօր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հայտարարութամբ հանդես եկավ՝ ասելով, որ հանդիպում են կազմակերպում, որում դիտորդական խմբի մասին է խոսում, ապա այնպիսի պայմանների անհրաժեշտության, որոնց դեպքում հնարավոր կլինի պահպանել հրադադարը, միայն դրանից հետո նախատեսվում է անցում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Այսինքն՝ պետք է իրական փաստաթղթերը դիտարկել, իսկ ադրբեջանական, հայկական մամուլը հիմնվում է մտացածին տվյալների վրա՝ «Լավրովի պլան», հինգ շրջանների վերադարձ, սա չի հաստատվում ոչ մի իրական փաստով: Ուստի քննարկելն անիմաստ է»,- ասաց «Ռեգնում» գործակալության սյունակագիրը:

Տեսանյութեր

Լրահոս