«Պետք է ծավալվեն կոնկրետ բանակցություններ, և ոչ թե՝ միջնորդների մասնակցությամբ պայմանների շուրջ զրույցներ». Բորիս Նավասարդյանը՝ ստեղծված ճգնաժամը լուծելու ուղիների մասին

«ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված փակուղին այս օրերի ընթացքում չի մեղմվել»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների հետևանքով Երևանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման ելքերին:
Նա նշեց, որ այն փակուղային իրավիճակը, որը Երևանում ստեղծվել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմամբ, անփոփոխ է մնացել:

«Ամեն դեպքում ես համարում եմ, որ բանակցությունները, ընդ որում, քաղաքական օրակարգի շուրջ, ապստամբների հետ պետք է շարունակվեն: Եթե բանակցությունները կառուցողական լինեն և տանեն դեպի այնպիսի հանգուցալուծում, որը հասարակության շահերից է բխում, չեմ բացառում, որ կողմերի ավելի փոխզիջումային մոտեցումներ դրսևորվեն»,- ասաց Նավասարդյանը:

Հարցին, թե՝ փոխզիջումն ի՞նչ հարցերի շուրջ է նա պատկերացնում, հաշվի առնելով կողմերի՝ իշխանության և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների, արմատական դիրքորոշումները, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ պետք է երաշխիքներ լինեն, որ երկրում իրավիճակ է փոխվելու: Նրա որակմամբ՝ այդ երաշխիքները պետք է այնքան ընկալելի, համոզիչ և լուրջ լինեն, որ մարդիկ գնան փոխզիջումների: Հակառակ դեպքում, ըստ Նավասարդյանի, եթե երկրում շարունակվի նույն իրավիճակը, ինչ այսօր, ապա, բնականաբար, մարդիկ, որոնք այդպիսի քայլի են դիմել, երբեք որևէ փոխզիջման չեն գնա:
Բանախոսը չի բացառում, որ իշխանությունները որոշեն իրավիճակը հանգուցալուծել գրոհի միջոցով:

«Եթե իշխանությունը մնում է իր դիրքերում և չի ցանկանում էական փոխզիջման գնալ, բնականաբար, դա նշանակում է, որ ինքն անվերջ իրավիճակն այսպես չի կարող թողնել և պարզապես հարմար պահ է փնտրելու գրոհի համար, որը, հասկանում ենք, որ պարզապես ողբերգական զարգացում և ողբերգական ավարտ կունենա: Բայց ես ամեն դեպքում ուզում եմ հուսալ, որ բանակցությունները կտեղափոխվեն քաղաքական դաշտ և կլինեն հենց բանակցություններ, և ոչ թե՝ միջնորդների մասնակցությամբ ինչ-որ պայմանների շուրջ զրույցներ, որոնք իրենք իրենցով որևէ արդյունք չեն կարող տալ:

Բանակցությունը ենթադրում է երկու կողմ, երկու կողմերն ունեն դիրքորոշում և երկու կողմերն ունեն պատասխանատվություն՝ պայմանավորվածը կատարելու հարցում: Փաստորեն, այդպիսի բանակցություններ, որքան ես կարող եմ դատել, չեն եղել: Եղել են խոսակցություններ այս իրավիճակի ներքո ինչ-ինչ պայմանների փոփոխության մասին՝ լրագրողները գա՞ն, թե՞ չգան, Սէֆիլյանը գա՞, թե՞ չգա, այսինքն՝ ավելի շատ՝ տեխնիկական հարցեր, և ոչ թե՝ իրական քաղաքական հանգուցալուծում: Երբ բանակցությունները լինեն այնպիսին, երբ բանակցող յուրաքանչյուր կողմ կխոսի այնպիսի լուրջ զարգացումների մասին, որոնց համար ինքն է պատասխանատու… Այստեղ իսկապես բանակցություններ են պետք, և ոչ թե՝ միջնորդական ծառայություններ»,- նման տեսակետ հայտնեց Բորիս Նավասարդյանը:

Վերջինիս կարծիքով՝ Սէֆիլյան-Սարգսյան հանդիպումը կարող է նման բանակցության փորձ լինել, քանի որ մենք տարբեր հայտարարություններից տեսնում ենք, որ ապստամբները 100%-ով Սէֆիլյանին վստահում են և կատարելու են նրա հրամանն ու որոշումը: «Այնպես որ, այդպիսի ձևաչափ ընդունելի է, և պարտադիր չէ՝ ՊՊԾ գնդի տարածքում այն տեղի ունենա»,- նկատեց նա:

Դիտարկմանը, թե իշխանությունը խմբավորման անդամներին խոստանում է հանդիպել միայն զենքերը վայր դնելուց հետո, այդ դեպքում ի՞նչ ելք է տեսնում, Նավասարդյանը պատասխանեց. «Բնականաբար, այդպիսի պայմանը հետևանքներ չի կարող ունենալ: Իրենք զենքերը վայր են դնում, իրենց առաքելությունն ավարտում են, իսկ հետո թե ի՞նչ կխոսեն Ժիրայր Սէֆիլյանն ու Սերժ Սարգսյանը՝ կարող է ոչ մի հետևանք չունենալ, նրանք կարող են ներկայացնել իրենց մոտեցումները, և վերջ, այսինքն՝ մենք կվերադառնանք ապստամբությունից առաջ ստեղծված իրավիճակին»:

Տեսանյութեր

Լրահոս