Բաժիններ՝

«Եվրոպան Թուրքիայի տերը չէ, և մենք թույլ չենք տա մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել». Թուրքիան պատասխանել է ԵՄ-ին

Թուրքիան կոչ է արել Եվրամիությանը երկխոսություն վարել, այլ ոչ թե ընթանալ սպառնալիքների ճանապարհով: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Եվրոպան Թուրքիայի տերը չէ, և մենք թույլ չենք տա մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել և վերևից նայել Թուրքիային»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան պատրաստ է ԵՄ-ի հետ քննարկել մահապատժի վերականգնման հետ կապված հարցերը:

«Մեզ ԵՄ-ի դռների մոտ են պահում 50 տարուց ավելի, թեև մենք միշտ պաշտպանում ենք եվրոպական արժեքները: Մենք կատարել ենք վիզաների չեղյալ հայտարարման բոլոր պայմանները, համաձայնեցրել ենք յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր ստորակետը:

Սակայն տեսեք, թե ինչ են նրանք հայտարարել հաջորդ օրը: Յունկերն առավոտյան մի բան է աում, ճաշից հետո՝ այլ, երեկոյան՝ մեկ այլ բան: ԵՄ լիազորված մարմինները թող խոսեն մեզ հետ, սակայն հարկավոր չէ փորձել մեզ սպառնալ»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Այդկերպ Անկարան արձագանքել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի այսօր կատարած հայտարարությանը, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, Եվրամիությունը կկասեցնի եվրոպական դաշինքին երկրի միանալու գործընթացը:
«Եթե Թուրքիան վաղն առավոտյան վերականգնի մահապատիժը, մենք անհապաղ կկասեցնենք բանակցությունները, քանի որ երկիրը, որի իրավական զինանոցում կա մահապատիժ, տեղ չունի Եվրամիությունում»,- ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով ֆրանսիական France 2 հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ Թուրքիայում իրերի դրությունը հիմա այնպիսին է, որ մոտ ժամանակներս երկիրը չի կարող միանալ եվրոպական դաշինքին:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ:
Վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության կենտրոններ Ստամբուլում և Անկարայում սպանվել է Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է:

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու երկրի վարչապետ Բինալի Յլըդըրըմը հայտարարեցին մահապատժի վերականգնման անհրաժեշտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս