6 անձի մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ, այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ անկարգություններին մասնակցություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Քննիչը որոշում է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է։ Եւս 6 կասկածյալ ձերբակալվել է։
Նախնական քննության տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն ստանալու համար բուժհաստատություն է դիմել 62 անձ, որոնցից 37-ը՝ ոստիկան, 25-ը՝ քաղաքացիական անձ։ Նշանակվել են դատաբժշական փորձաքննություններ, քննություն է տարվում՝ պարզելու նրանցից յուրաքանչյուրի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, հստակեցվում է անկարգությունների ժամանակ պատճառված նյութական վնասի չափը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու, անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած, իրենց գործողություններով սադրած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: