«Կամովին վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին». ԱԱԾ-ի կոչը «Սասնա ծռեր» զինված խմբին
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորել է դրսևորել ողջամտություն և կամովին վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին: ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ տեղադրել է կոչի բովանդակությունն ամբողջությամբ:
Դրանում մասնավորապես ասվում է.
«2016թ. հուլիսի 17-ից մինչ օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զավթման ընթացքում, ըստ այս պահին առկա նախնական տվյալների, կատարվել են առնվազն հետևյալ հանցանքները.
Ø վերցվել են պատանդներ (ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդված),
Ø զավթվել են շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության միջոցներ (ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդված),
Ø ապօրինի կերպով ձեռք է բերվել, պահվել, փոխադրվել և կրվել է հրազեն (ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված)
Այս հանցանքները կատարած անձանց սպասում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում:
Արդեն իսկ կատարված հանցավոր գործողությունների համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակի և խստության աստիճանի վրա էապես ազդելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի կատարած գործողությունների բնույթը և առաջացրած հետևանքների ծանրությունը:
Միաժամանակ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում.
Ø իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,
Ø իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,
Ø ապօրինի հրազենը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Զինված խմբի անդամներին մեկ անգամ ևս հորդորում ենք դրսևորել ողջամտություն և հաշվի առնելով վերոնշյալ հանգանամքները` կամովին վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին: Դրա համար դուք դեռ ժամանակ ունեք:
Այս առաջարկն ընդունողները պետք կատարեն հետևյալ գործողությունները.
1. դուրս գալ անցագրային կետից,
2. զենքը պահել գլխավերևում և թեքվելով աջ, առաջանալ մոտ 50 մետր,
3. շինանյութի խանութի հարակից տարածքում տեղադրված հովանոցների մոտ վայր դնել բոլոր զենքերը,
4. Ճանապարհի կենտրոնական մասով առանձին-առանձին մոտենալ Ոստիկանության ծառայողներին»: