Բունդեսթագի թուրքական արմատներով պատգամավոր Ջեմ Օզդեմիրն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
Գերմանական «Կանաչներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում առաջարկել է քննարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Եվրոպան պետք է արձագանքի Թուրքիայում ստեղծված վիճակին, որտեղ «ամենաթողություն է տիրում»:
«Երբ ժողովրդավարությունը, իրավական պետությունը և մարդու իրավունքները չեղյալ են հայտարարվում, մենք ԵՄ-ի մակարդակով պետք է մտածենք պատժամիջոցների մասին անմիջականորեն իշխանության ղեկին գտնվողների շրջապատի նկատմամբ: Օրինակ՝ կարելի է սառեցնել հաշիվներն ու ակտիվները»,- հայտարարել է Օզդեմիրը:
Պատգամավորը մտավախություն է հայտնել, որ Գերմանիայում ավելանում է սպառնալիքը երկրում ապրող թուրք ազգայնականների կողմից, որոնք գտնվում են Անկարայի ազդեցության տակ:
Նա կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ավելի վճռական կերպով հակազդել գերմանական հասարակության վրա Թուրքիայի ազդեցությանը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Օզդեմիրի խոսքով՝ «Էրդողանի ձեռքը իրավունք չունի ձգվել Բեռլին, Շտուտգարտ կամ Մյունխեն», իսկ Գերմանիայի կառավարությունը «պետք է վերջապես կանգ առնելու ազդանշան տա»:
Ավելի վաղ թուրքական արմատներով գերմանացի Օզդեմիրը հայտնել էր իր հասցեին ուղղված սպառնալիքների մասին՝ կապված երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման դնելու հետ:
Փաստաթուղթը հավանության էր արժանացել հունիսի 2-ին ու կոշտ քննադատության ենթարկվել Անկարայի կողմից: