«Հայաստանը որևէ բան չի արել` Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար». Անդրիաս Ղուկասյան

Մարդկանց մեծ մասը, որպես կանոն, որքան հնարավոր է` հանդուրժում է անարդարությունը, հետապնդումները, բռնապետական կարգերը: Սակայն գալիս է մի վիճակ, երբ անհնար է դառնում հանդուրժել, և մարդիկ զենք են վերցնում` փոխելու համար անարդար վիճակը` հանուն հաջորդ սերունդների: Այս մասին այսօր Խորենացի փողոցում հրավիրված հավաքում հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ երկրում ձևավորվել է խորագույն ճգնաժամ, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը, և դրանում այսօր իրավունք ունեն նրան մեղադրանքներ ներկայացնել: «Սերժ Սարգսյանը տապալել է մեր երկրում սահմանադրական կարգը: Դա քրեորեն պատժելի արարք է: Մեր երկրում պաշտպանված չեն մարդու իրավունքները: Միացյալ ազգերն իր հռչակագրում ասում է` պետությունը պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի մարդ ստիպված չլինի դիմել ապստամբության: Մենք տեսնում ենք, որ սահմանադրական կարգի տապալումը մեր երկրում բերեց այս զինված ընդվզմանը, ապսամբությանը: Դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Իր ելույթում Անդրիաս Ղուկասյանն անդրադարձավ նաև ապրիլյան քառօրյա պատերազմին` նշելով, որ հայ զինծառայողներին ադրբեջանցիները սպանել են, ոմանց` գլխատել, և մինչ այսօր Հայաստանը որևէ բան չի արել` Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, և այսօր բանակցություններ են վարվում, և Սերժ Սարգսյանն ասում է` եթե չհամաձայնեք, պատերազմ կլինի:

Ըստ նրա` «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գործում են ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, նրանց գործողությունները կարող են գնահատվել այն դեպքում, երբ դիտարկվում են քաղաքական, սահմանադրական, իրավական, հոգեբանական գործոնները: Նրա խոսքով` կա խնդրի պարզ հանգուցալուծում` Ոստիկանությունը պիտի ցած դնի զենքերը: Իսկ որպեսզի դա կատարվի, մարդիկ պիտի գան Խորենացի փողոց: «Այստեղ պիտի այնքան մարդ լինի, որ Ոստիկանությունը պատվով դնի իր զենքը և անցնի ժողովրդի կողմը: Դա է հեղափոխությունը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս