«Կուսակցական պայքարը պետք է ընդհանրապես դուրս գա քաղաքական հարաբերությունների մշակույթից». Սարո Սարոյան

Քաղաքագետ Սարո Սարոյանը Խորենացի փողոցում հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական նոր մշակույթի ժամանակն է եկել:

«Մինչև հիմա ինչքան պարտություններ եղել են՝ դրանք եղել են մեր մշակույթից: Մեր քաղաքական մշակույթի մեջ կան այնպիսի արատներ, որոնք թույլ չեն տալիս որևէ հաղթանակ արձանագրել»,- հայտարարեց Սարո Սարոյանը՝ ավելացնելով, որ առաջին հերթին՝ կուսակցական պայքարը պետք է ընդհանրապես դուրս գա քաղաքական հարաբերությունների մշակույթից:

«Ցանկացած կուսակցություն ունի ծրագիր ու նպատակ, մեկ այլ կուսակցություն ունի իր ծրագիրն ու նպատակը: Պատկերացրեք՝ քանի հատ կուսակցություն կա Հայաստանում, ամեն մեկն իր կամային, խմբային շահերից ելնելով՝ ուզում է ցանկացած պահի խանգարել մյուս կուսակցությանը, և այդպես ոչ մի համախմբում չի եղել վերջին 20-25 տարիների ընթացքում և չի էլ լինելու: Հետևաբար, կուսակցությունների կողմից տարվող պայքարի ճանապարհից պետք է հրաժարվել»,- հայտարարեց նա:

Նա նաև նշեց, որ, եթե վերջին տարիներին Հայաստանում պայքարները հաղթանակներ են արձանագրել, ապա դրանք եղել են քաղաքացիական պայքարները:

«Փրկիչներ պետք չեն մեզ, եթե ամբիոնին մոտենում են մարդիկ, ովքեր փրկիչներ են ձևանում, նրանք այստեղ անելու ոչինչ չունեն: Մենք բոլորս համախմբվելու խնդիր ունենք, իսկ դա հնարավոր չէ առանձին շահերով անել: Այս սկզբունքը պետք է պահել՝ մեզ պետք չեն փրկիչներ, պետք են գործիչներ»,- ասաց նա:

Հանրահավաքին ներկաներից շատերը, ի դեպ, ենթադրեցին, որ քաղաքագետի խոսքն ուղղված էր, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին:

Տեսանյութեր

Լրահոս