«Մենք մեր համար չենք անում, մեր հոր սեփականությունը չի, մեր բոլորի երկիրն է, էդ չգիտակցողները թող մտցնեն իրանց պուպուշիկ գլուխները». զինված խմբի անդամներ
Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների մամուլի ասուլիսի ավարտից հետո նրանք առանձին-առանձին զրուցում էին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանի, իշխանությունների և զինյալ խմբի անդամների միջև ակտիվ բանակցություններ վարող Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարել է, թե խմբի անդամների մի մասը հրաժարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, զինված խմբի անդամները հայտարարեցին՝ մեր անունից ոչ ոք իրավունք չունի որևէ հայտարարություն անի՝ դա լինի ազգային հերոս թե շարքային քաղաքացի, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը:
«Վիտալի Բալասանյանն իր անձնական կարծիքն է ասել, նա չի կարա մեր փոխարեն խոսա»,- ասում էին նրանցից մի քանիսը:
Զինված խմբի անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանը խոսելով քաղաքական ուժերի մասին՝ հայտարարեց. «Իսկական հերոսներն այստեղ են, մնացածը լարախաղացներ են»:
Խմբի անդամները հայտարարում էին, որ ՀՀ երեք նախագահներն էլ պետք է հեռանան:
«Դա քաղաքական զիբիլանոց է: Պատգամավորները պառլամենտում նստած՝ կոճակ են, պատգամավոր չեն՝ բացառությամբ Զարուհի Փոստանջյանի»,- հայտարարեց խմբի անդամ Սեդրակ Նազարյանը: Լրագրողները ճշտեցին՝ Նիկոլ Փաշինյանի՞ն էլ նկատի ունեք: Պատասխանեցին՝ «Նույնը, ինքը կոճակներից տարբերվում է նրանով, որ չափսերով մեծանում, փոքրանում է… Ինքը ասում է՝ գլադիատոր եմ հավաքելու, 6000 մարդ եմ հավաքելու, գնալու եմ ընտրություն կրեմ, թող գնա իրա խաղերը խաղա…»:
Նրանք այն կարծիքին էին, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ուղղությունը շեղում է: Նրանք ասացին նաև, որ սպասում են իրենց ղեկավարին՝ Ժիրայր Սէֆիլյանին.
«Մենակ Ժիրայր Սէֆիլյանը մեզ կարա ասի՝ ինչ անենք»:
Խմբի անդամ Սեդրակ Նազարյանը դեպքերին իրենց բնակարաններից հետևող քաղաքացիներին նախատեց.
«Թող ճեղքեն, բենզինի շշերով, քարերով, հայերը լավ կռվել գիտեն: Թող չնստեն լոփո-լոփո պատերի տակ խոսան, թող բենզինի շիշը վերցնեն, տան իր ճանապարհը փակողի գլխին, հարգելի ոստիկանները թող ճանապարհը բացեն… Մենք մեր համար չենք անում, մեր հոր սեփականությունը չի, մեր բոլորի երկիրն է, էդ չգիտակցողները թող մտցնեն իրանց պուպուշիկ գլուխները:
Հանձնվողը չենք, իշխանափոխությունից հետո էլ մեր ձեռքերը վայր չենք դնելու: Վայր կդնենք էն ժամանակ, երբ իմանանք, որ իշխանություն ունենք, որոնք ծառայում են մեր ժողովրդին, չեն ղեկավարում: Իսկ մնացածը՝ չորս կողմից սնայպերների տակ ենք, երբ ուզում են՝ թող խփեն»: Նրանք լրագրողներին ևս կոչ էին անում փողոց դուրս գալ՝ «Կամերան շպրտեք մի յան, հելեք փողոց, հելեք ջարդեք, վառեք, ջհուդ չեք, ձեր քաղաքացիական պարտքը կատարեք»:
Լուսանկարները 168.am-ի: