Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Ադրբեջանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Սաֆա Միրզաեւը երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից սեփական լիազորություններն ավելի ընդլայնելու եւ նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարի սահմանելու, փոխնախագահների ինստիտուտ ստեղծելու հետ կապված մինչեւ այս տարվա վերջը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը մեկնաբանելու ժամանակ հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունը բխում է այն բանից, որ «կյանքը խիստ դինամիկ է դարձել, ժամանակն այնքան արագ է անցնում, որ նախագահը պաշտոնավարման 5 տարիներին չի հասցնում իրագործել ծրագրված զարգացման հեռանկարները»:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը Սաֆա Միրզաեւի այդ կարծիքը ծիծաղելի է համարել:
«Իլհամ Ալիեւը 13 տարուց ավելի է` երկրի ղեկավարն է: 13 տարի ընթացքում երկրում ոչ մի բնագավառ չի զարգացել: Չի լուծվել ղարաբաղյան խնդիրը, մարդու իրավունքների եւ տնտեսության բնագավառներում վիճակը ցավալի է, մոտ հարյուր քաղբանտակյալներ կան: Տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամում: Ամեն օր փակվում է որեւէ ընկերություն կամ բանկ:
Սաֆա Միրզաեւի արտահայտած մտքերը հիմք են տալիս կարծելու, որ Ադրբեջանի իշխանությունը լրջորեն անհանգստացած է Թուրքիայում եւ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով: Մյուս կողմից, Իլհամ Ալիեւը չի հավատում իր թիմին եւ, գերլիազորություններ ձեռք բերելով, ցանկանում է իրեն ապահովագրել ապագայում տեղի ունենալիք հնարավոր վտանգներից:
Խմբագրությանը հասած տեղեկություններով` հանրաքվեից կարճ ժամանակ հետո ծրագրվում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: Այսինքն, Իլհամ Ալիեւը չի ցանկանում սպասել 2018 թվականին: Տեղեկության մեջ ասվում է, որ Իլհամ Ալիեւը նախագահական ընտրություններից հետո լուծարելու է խորհրդարանը եւ նոր խորհրդարան է ձեւավորելու», գրում է «Ազադլըգ»ը:
Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիեւի այդ քայլի հետ կապված թերթը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիեւի այդ նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն, փախուստ
ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող ցուցանիշ», ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստելն է, այլ «ժառանգական իշխանության կյանքի երկարացումն է»:
Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ Ալիեւի առաջարկած` Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունները իշխանության վախի մեջ լինելու ցուցանիշն է:
Նրա խոսքով` այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիեւի` ցանկացած չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, եւ հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց սահմանափակման, ազատորեն` իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:
«Գլխավոր նպատակը սա է: Դրա համար առաջինը` նախագահության ժամկետը 5ից մեծացվում է 7 տարի, հետո էլ փոխնախագահի կարգավիճակ է որոշվում: Ինչպես երեւում է` դա էլ նախատեսվում է ընտանիքի անդամներից մեկի համար: Հետո էլ վերացվում է եւ’
պատգամավոր, եւ’ նախագահ ընտրվելու համար տարիքային սահմանափակումը: Նշանակում է, կանաչ լույս է վառվում ընտանիքի ավելի երիտասարդ անդամների համար: Ամեն ինչ արվում է այդ ընտանիքի` ավելի երկար ժամկետ իշխանության մեջ մնալու համար», համոզմունք է հայտնել Քերիմլին: