
«Առաջին պահանջը Ժիրայր Սէֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումն է». Վարուժան Ավետիսյան

Քիչ առաջ ավարտվել է Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների մամուլի ասուլիսը:
«Մենք զենք ենք վերցրել, զինված ապստամբության ենք դիմել` համոզված լինելով, որ ՀՀ-ում այլևս հնարավոր չէ ուրիշ եղանակով հասնել փոփոխությունների: Մեր գործողությունները միանշանակ կերպով ամբողջությամբ տեղավորվում են իրավունքի և սահմանադրականության տրամաբանության և նորմերի պահանջների մեջ, և մենք գործում ենք` իրացնելով այդ սրբազան իրավունքը:
Մենք զենք ենք բարձրացրել` կայծ դառնալու համար ժողովրդի ընդվզման»,- այսօր ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ այդ ընդվզումը դանդաղորեն ձևավորվում է, դրա դանդաղ ընթացքը պայմանավորված է մի շարք գործոններով` ժողովրդի ճնշված վիճակը, այսպիսի մեթոդներին անսովոր լինելը, քաղաքական մանիպուլյատորների գործունեությունը, ովքեր ցանկանում են, յուրաքանչյուրն իր հերթին կամ միգուցե համատեղ պլանի համաձայն` մարել հերթական ժողովրդական ընդվզումը և երկիրը տանել իրենց համար ցանկալի ուղով` դեպի անկում:
«Դրական դինամիկան ակնհայտ է»,- ասաց Վարուժան Ավետիսյանը` նշելով, որ իրենց պահանջը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է, նրա հրաժարականը և ժողովորդի վստահության կառավարության ձևավորումը: Նրա խոսքով` այդ ճանապարհին իրենց առաջին պահանջը Ժիրայր Սէֆիլյանի և մյուս «քաղբանտարկյալների» ազատ արձակումն է, այդ թվում՝ նրանց, ովքեր այս օրերին են ազատությունից զրկվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ 168.am-ի: