Բաժիններ՝

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

Հուլիսի 23-ին, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը և հաջորդ ուսումանաշրջանի հիմնական անելիքների նախանշմանը:

Նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարները, առանձին զորատեսակների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ, զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:

Օրվա աշխատակարգի հրապարակումից հետո, գեներալ-լեյտենանտ Մնացականյանը հանդես եկավ ներածական խոսքով, որում անդրադարձ կատարեց հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած հիմնական գործընթացներին:
Այնուհետև ելույթ ունեցավ ՊԲ-ի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ներկայացնելով ՊԲ-ի ղեկավարման համակարգի և համազորային միավորումների և զորամասերի ապրիլյան մարտական գործողությունների վարման ծավալուն վերլուծություն, ինչպես նաև անդրադարձավ այն աշխատանքներին, որոնք տարվել են բացասական որոշ դրսևորումների բացառման ուղղությամբ:

Ռազմական խորհրդի ընթացքում համապարփակ վերլուծականներ ներկայացվեցին նաև ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ՊԲ-ի հրետանու վիճակի, զորատեսակի ներգրավմամբ իրականացված հիմնական գործընթացների, հակաօդային պաշտպանության կազմակերպման, ինժեներական ապահովման և հարակից այլ հարցերի վերաբերյալ, որոնց ընթացքում խոսվեց, ինչպես նշված ուղղություններում արձանագրված դրական զարգացումների, այնպես էլ տեղ գտած թերացումների և բացթողումների մասին, վեր հանվեցին վերջիններիս ծնող պատճառները, առաջարկվեցին հետագայում դրանցից խուսափելու, ծառայության այս կամ այն բնագավառի հետագա բարելավման ուղիներ:

Ռազմական խորհրդի ընթացքում ներկայացվեցին նաև հուլիսի 18-ից 21-ը ՊԲ-ի միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարման մարմինների հետ, զորքերի ներգրավմամբ բազմաստիճան շտաբային և գումարտակային մարտավարական զորավարժությունների վերլուծականները, համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրելով այն միտումների վրա, որոնք պետք է ամրակայել և առավել կատարելագործել, և այն ուղղությունների վրա, որոնք պահանջում են հետագա` առավել համակարգված մոտեցումներ և ուշադրություն:

Վերջում ռազմական խորհրդի և կիսամյակի արդյունքները ամփոփող խոսք ասաց ՊԲ հրամանատարը:Լևոն Մնացականյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում չնայած խոչընդոտող բազմաթիվ գործոնների առկայությանը, այդ թվում նաև ապրիլ ամսում հակառակորդի սանձազերծած նախահարձակ գործողություններին, ՊԲ-ը կատարել է պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ապահովել Արցախի հանրապետության անվտանգությունը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս