«Տարածքների հանձնումը քննարկելուց չի խուսափելու նաև Նիկոլ Փաշինյանը, եթե, Աստված մի արասցե, հանկարծ, դեպքերի դժբախտ պատահականությամբ դառնա նախագահ». Տիգրան Պասկևիչյան

Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը քիչ առաջ, անդրադառնալով հուլիսի 17-ից Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններին և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին , որտեղ նա մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նիկոլը նիկոլի թվի քաղաքական դատողություններով էժանագին հեղինակություն է վաստակում։ 2008 թվականի փետրվարի 17-ին կամ 18-ին արտասահմանյան մի լրատվամիջոցի Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց էր տվել և խոսել էր բանակցություններում տարածքների վերադարձման հարցը քննարկելու հնարավորության մասին։ Նիկոլն էդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի քիփ կողքը կանգնած էր ու ձայն-ծպտուն չէր հանում, որովհետև… ինձանից լավ գիտեք՝ ինչու։

Տարածքների հանձնումը քննարկելուց երբեք չեն կարողացել խուսափել ոչ 98-ին մեծ-մեծ խոսող Ռոբերտ Քոչարյանը՝ իր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանով (Մեղրիի տարբերակ), ոչ էլ Սերժ Սարգսյանն՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանով։
Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հաջողվել է խնդրի լուծումը ձգձգել մինչև աղետ և հիմա էլ նրանց (նկատի ունեմ քաղաքական մտայնության կրողներին) միակ ցավ ու դարդը շարունակ ձգձգելն է։

Դրանից չէին կարողանալու խուսափել ոչ Կարեն և Ստեփան Դեմիրճյանները, եթե ընտրությունները չկեղծվեին, չէր խուսափելու նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ոստիկանապետի հետ չգնար մոմ վառելու։ Չի խուսափելու նաև Նիկոլ Փաշինյանը, եթե, Աստված մի արասցե, հանկարծ, դեպքերի դժբախտ պատահականությամբ դառնա նախագահ։ Նիկոլն էլ մյուսների նման վաղն ասելու է Կազանում, Ղափանում, Դդմաշենում որոշակի առաջընթաց գրանցվեց կամ ասելու է, թե ժողովուրդ, գիտե՞ք, բանակցություններն ընթանում են փակ-գաղտնի ձևաչափով, ամեն ինչ չեմ կարող ասել ու հետո պարզվելու է, որ քննարկվող փաստաթղթում լավ էլ տեղ ունի տարածքների վերադարձի հարցը։

Աշխարհը Խորենացու փողոցի ամբիոնը չէ։ Աշխարհը բարդ համագործակցությունների ու հակազդեցությունների հանգույցների կծիկ է։ Այսպես հոխորտացողները «как мильенкий» գնալու են էդ աշխարհի մեծերի հետ սեղան նստելու և նրանց ձայնալարերն այլևս չեն բորբոքվելու՝ հայրենասիրությունից։ Հայաստանը գերտերություն չի և մոտ ապագայում չի լինելու, որ թքած ունենա ուրիշների կարծիքի ու շահերի վրա։ Գերտերություններն անգամ այդ բանը չեն կարողանում անել։

Մի լսեք էդ մարդուն, ուշադրություն մի դարձրեք, որպեսզի Հայաստանը չգնա այնտեղ, ուր գնաց 1920 թվականին։ Նիկոլն իր կրթությամբ ու փորձառությամբ զգալիորեն զիջում է այն ժամանակվա այրերին, որոնց նույնիսկ գերմանիաներում ստացած կրթությունը չփրկեց։
Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասում է այն, ինչի մասին մյուսները գիտեն, բայց լռում են։ Դրանց բոլորին՝ Քոչարյանից սկսած Նիկոլով վերջացրած, պետք է դատել իմանալ-չհայտնելու հոդվածով։

Տեսանյութը դիտելիս կյանքումս առաջին անգամ մեղքս եկավ մեր ժողովուրդը, Հայաստանի հպարտ քաղաքացիները, ովքերը ականջ են կախում ճամարտակին։
Ցավում եմ, շատ։ Աղոթում եմ Պավլիկի և մյուսների համար»։

Տեսանյութեր

Լրահոս