«Ես ինձ չեմ ների, եթե առավելագույնը չանեմ, որ Վալերի Օսիպյանը վերադառնա իր զավակի մոտ». Նիկոլ Փաշինյան

«Բազմոցներին նստած մնալը նշանակելու է որոշում: Բազմոցներին նստած չմնալը և փողոց դուրս գալը որոշում է նշանակելու: Հազարավոր մարդիկ ինձ գրում են Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Եվրոպայից… Սա իրենց էլ է վերաբերում: Ես չէի ուզենա՝ որևէ երկրի ՀՀ դեսպանատան առաջ ցույցեր տեղի ունենան: Նրանք, ովքեր ուզում են մասնակցել այս ցույցին, պետք է գան Երևան, Հայաստան»,- այս մասին Խորենացի փողոցում իր ելույթի ընթացքում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով բոլոր նրանց, ովքեր ուղիղ եթերով հետևում են այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին:

Նա նշեց, որ Խորենացի փողոցում բռնություն չի լինելու, չի հնչելու որևէ հայհոյանք, չի լինելու ագրեսիվ պահվածք, այնտեղ լինելու է ՀՀ հպարտ քաղաքացին, իր ձայնը բարձրացնելու է ՀՀ հպարտ քաղաքացին, և իրենք հարգանքով են վերաբերվելու ցանկացած որոշման:

«Ես ինձ պատասխանատու եմ զգում ձեզնից յուրաքանչյուրի առաջ, Հայաստանի Հանրապետության առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջ: Պավլիկենց առաջ եմ ես ինձ պատասխանատու զգում: Ես ինձ պատասխանատու եմ զգում Վալերի Օսիպյանի և Վարդան Եղիազարյանի առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրեն չի ների, եթե չանի առավելագույնը, որպեսզի Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի և մյուս տղաների գլխից մի մազ չպակասի.

«Ես ինձ չեմ ների, եթե առավելագույնը չանեմ, որ Վալերի Օսիպյանը վերադառնա իր զավակի մոտ՝ իր ընտանիք, որ Վարդան Եղիազարյանը վերադառնա իր ընտանիք՝ իր ընտանիքի, երեխաների մոտ»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս