Վիրտուալ իրականությունը՝ կրթական համակարգում հայկական ARLOOPA հավելվածի միջոցով

Վիրտուալ իրականության արտացոլումներն այժմ ամենուր են: Աշխարհում VR մասնագետներն անում են ամեն բան, որպեսզի ներդնեն ամենաժամանակակից հայտնագործությունը բոլոր հնարավոր ոլորտներում:

Հայկական ARLOOPA հավելվածը վիրտուալ իրականությունը ներդրում է նաև կրթական համակարգում: Հավելվածի միջոցով այժմ արդեն հնարավոր է ուսումնասիրել ֆիզիկան լիովին այլ մակարդակում: Ֆիզիկայի դասագրքերի համար ընկերությունը մշակել է 3D անիմացիաներով և տեսանյութերով լրացված իրականության լուծում:

«Մենք փոխում ենք գրքի մասին պատկերացումները: Կրթությունը պետք է լինի հետաքրքիր ու ամենակարևորը՝ ինտերակտիվ»,- նշում է ARLOOPA ընկերության տնօրեն Արման Աթոյանը:

Հայկական ընկերության ստեղծած վիրտուալ իրականությունն արտացոլող դասագիրքն արդեն ներկայացվել է ավստրիական դպրոցներում՝ դեմո տարբերակով: Ավստրիական դպրոցներում հավելվածի ներդրումը հնարավոր է դարձել ARLOOPA-ի գործընկերոջ՝ AMLOGY-ի միջոցով: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ եթե ամեն բան շարունակվի նման կերպ, ապա շուտով ավստրիական դպրոցներում գիրքը կդառնա դասապրոցեսի մի մասը, ինչ թույլ կտա կրթական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր և ինտերակտիվ:

ARLOOPA ընկերության տնօրեն Արման Աթոյանը բազմիցս հայտնել է այս ինովացիոն լուծումը հայկական դպրոցներում ներդնելու իր ցանկությունը: Իսկ արդյո՞ք դժվար չի լինի վիրտուալ իրականությունը հայկական դպրոց տեղափոխելու գործընթացը, Արման Աթոյանը նշեց, որ անհնարին ոչինչ չկա:

«Անիմացիոն բովանդակությունն ավելացվում է եղած գրքերի վրա: Այսինքն՝ նորից գիրք տպելու անհրաժեշտություն չկա: Իրականացնելու համար միայն կամք է պետք»:

Արման Աթոյանը տեղեկացրեց նաև, որ ժամանակին հանդիպում է եղել ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ, ով շատ է հավանել ընկերության մշակած լուծումը և առաջարկել է քննարկել այն: Ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանի հետ դեռևս հանդիպում չի եղել: Սակայն ընկերությունն ունի մեծ ցանկություն, որպեսզի հայկական դպրոցներում ևս կիրառվեն նմանատիպ ժամանակակից տեխնոլոգիաները:

Վիրտուալ իրականությամբ դասագրքերից օգտվելու համար պետք չեն լինի հատուկ VR ակոցներ: Պետք է պարզապես բեռնել հավելվածը և պահել կոդավորված գրքի վրա: ARLOOPA հավելվածը գործում է iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Հավելվածն անվճար է:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս