Ժիրայր Սեֆիլյանն ուզում է մասնակցել բանակցություններին. A1plus.am
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով պետք է լուծում գտնի եւ արյունահեղություն չլինի:
«Իր կողմից պատրաստ է անել հնարավորը, որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը գտնվի: Ժիրայր Սեֆիլյանն ամեն ինչ փորձում է անել, որ իրեն դարձնեն բանակցությունների մասնակից»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Իր պաշտպանյալի հետ երեկ տեսակցած Արա Զաքարյանը փոխանցում է Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը, ըստ որի՝ իր մասնակցությունը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ եւ հարցը խաղաղ ձեւով լուծում կգտնի:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով մտել էր ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ եւ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը ու Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը:
Ժիրայր Սեֆիլյանը հունիսի 20-ից կալանավորված է: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Պաշտպան Արա Զաքարյանը նշում է, որ գործի հետ կապված որեւէ նորություն չկա եւ որեւէ գործողություն չի կատարվում Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ: