«Ցուցարարների մեջ ահավոր շատ սադրիչներ եմ տեսնում… Ախր Հայաստանը հիմա լեցուն է շպիոններով՝ տարբեր երկրներից լցված». Ռուբեն Գևորգյանց
«Բոլորն ասում են՝ արյուն չթափվի, արյուն չթափվի, ես էլ նույնն եմ ասում, բայց ոչ մեկը չի ասում՝ մեխանիզմը որն է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը՝ անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելուն, պատանդներ պահելուն, բողոքի ակցիաներին և զարգացող իրադարձություններին:
Ռ. Գևորգյանցի խոսքով՝ կան մարդիկ՝ չինովնիկներ, որոնք այդ մեխանիզմը գտնելու համար փող են ստանում.
«Այդ փողը մենք ենք տալիս, իրենք պետք է գտնեն այդ ձևը»:
Միության նախագահի համար պարզ է՝ պետք է արյուն չթափվի, որովհետև «մենք արյուն պետք է թափենք միայն մեր թշնամու դեմ, որը թուրքն է»:
«Որոշ մարդկանց, 25 հոգու ես ճանաչում եմ, համոզված եմ, որ Ոստիկանությունն էլ չի ուզում ընկնել այս պատմությունների մեջ, բայց փաստ է, որ հիմա բախում է գնում, որը ձեռք է տալիս մեր թշնամիներին: Տարօրինակ է, որ թուրքական բախումից հետո հաջորդեց սա, թվում է՝ սցենարը գրված է մի ուրիշ տեղ, չնայած տղաները՝ 25 հոգին էլ ազնիվ տղաներ են, և այն մահը, որ, ցավոք սրտի, եղել է, միտումնավոր չի եղել, համոզված եմ»,- նշեց Ռ. Գևորգյանցը:
Նա կարծում է՝ այն, ինչ եղավ այս քանի օրերին, «ստիպված» է եղել, որովհետև արդեն «անհնար է դիմանալ այսքան առնետների գոյությանը Հայաստանում»:
«Վերջապես պետք է առնետներին ոչնչացնել, որովհետև Հայաստանն այլևս չի կարող գնալ նույն ճանապարհով: 25 տարի մենք առնետներ են աճեցրել: Շատ մտահոգիչ է մեզ համար Ղարաբաղի հարցը, որը պահվում է թաքուն թղթերով՝ պահարաններում: Մենք պետք է իմանանք՝ մեզ ի՞նչ են պարտադրում, ինչ էլ պարտադրեն, մեկ է՝ մի մարդ չպետք է որոշի, պետք է ազգի ռեֆերենդումը որոշի: Կարող եմ ասել՝ համոզված եմ, որ բոլորը կասեն՝ մի սանտիմետր հող չենք տալու»,- հայտարարեց բանախոսը:
Լրագրողի հարցին, թե «Սասնա ծռեր» խմբի տղաների՞ն եք ձեր խոսքն ուղղում՝ ասելով, որ հանձնվեն, Ռ. Գևորգյանցը պատասխանեց, որ «հանձվել» բառը սխալ է օգտագործել այս պարագայում.
«Հայերը երբեք չեն հանձնվել ոչ մեկին, ու այստեղ էլ չեն հանձնվելու, բայց բանակցությունների իմաստը ո՞րն է, ինչ-որ ելք պետք է լինի, որովհետև եթե նորից արյուն թափվի՝ շատ վատ է: Ես մի քանի ելքեր եմ տեսնում, առաջինը՝ պետք է Սէֆիլյանին ազատել, որովհետև նույնիսկ նման ֆիլմ կա՝ «Борт номер 1», որտեղ Ամերիկայի նախագահն ասում է՝ «ազատեք» (ինչ-որ տեռորիստ կար այդ ֆիլմի մեջ), որ ուրիշ մարդիկ չզոհվեն, ու տենց էլ անում են: Հիմա մեր «Սասնա ծռերի» տղաներն ինչ-որ նոր առաջարկություններ են անում: Ո՞վ է իրենց հետ բանակցում, ես չգիտեմ, ես առաջարկել եմ, որ իրենց հետ գնան բանակցելու մարդիկ, ովքեր մաքուր են մնացել, դա Վազգեն Մանուկյանն է, դա Կոմանդոսն է, Վիտալի Բալասանյանն է»:
Ռ. Գևորգյանցի խոսքով՝ իր համար տարօրինակ է, որ այդ զինված մարդիկ գնացին, մտան շատ «անկապ» տեղ. «Այնքա՜ն տեղեր կա, որ կարան մտնեն, թե ո՞վ է իրենց ուղղել այդ տեղը՝ ես չգիտեմ: Բայց ցուցարարների մեջ ես ահավոր շատ սադրիչներ եմ տեսնում… Ախր Հայաստանը հիմա լեցուն է շպիոններով՝ տարբեր երկրներից լցված»:
Անդրադառնալով այս օրերի ոստիկանների պահվածքի մասին՝ նա նշեց, որ չի պաշտպանում ոստիկաններին, բայց նրանց նյարդերն էլ են խիստ լարված.
«Ես մի անգամ հանկարծակի Նյու Յորքում ցույցի եմ եղել, որտեղ իմ աչքի առաջ ջարդուխուրդ արեցին ժողովրդին, ես չէի սպասում, որ Ամերիկայի ոստիկանությունն այդպես կլինի… Դուք պատկերացրեք՝ ինչքան լարված են ոստիկանները… ես չեմ պաշտպանում նրանց, բայց իրենց նյարդերն էլ են վերջին աստիճանի լարված: Իհարկե, սխալ են անում, նա, ով սխալ է արել՝ պետք է հանեն, էն է՝ հանել են 7 հոգու, բայց դա պետք է հրապարակվի, պետք է ասվի, որ ժողովուրդը հասկանա: Երկու կողմն էլ մեղք են»:
Ռ. Գևորգյանցը որպես «ապուշության վերջին աստիճանը» բնորոշեց Ժիրայր Սէֆիլյանի այն քայլը, երբ նա գնաց Ղարաբաղ, որ ղարաբաղցիներին համոզի, թե՝ «եկեք, ղարաբաղցուն հանենք».
«Սէֆիլյանը շատ ազնիվ տղա է, բայց չեմ կարծում, որ խելոք տղա է: Դա իրեն դրդել են, ով դրդել էր՝ Հատուկ ծառայություններից, ուրիշ երկրներից գումար էր ստացել, այն մարդիկ, ովքեր այնտեղ սկսեցին ծեծել, դրանք էլ էին ստացել՝ ինչ որ պետք է, ամբողջ Հայաստանը սադրանքի մեջ է, որովհետև էս հողակտորն ուզում են վերցնել, ու դրա համար մեր կառավարիչները, ղեկավարներն այդքանն իմանալով՝ պետք է միանան ժողովրդին և ձեռք մեկնեն իրենց»: