«Մեզ հարկավոր չէ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում». Լուկաշենկո
Պատերազմել Բելառուսի իշխանության դեմ հնարավոր է միայն ընտրությունների ժամանակ: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է այսօր «Մոգիլևլիֆտմաշի» կոլեկտիվի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
«Ինչ վերաբերում է անվտանգությանը, կարող եք ոչ մի բանի համար չմտահոգվել, սակայն ինձ չափից ավելի մի´ քննադատեք կոշտ քաղաքականության համար: Իսկ մենք ոչ ոքի բերանը չենք փակում: Եթե դուք ցանկանում եք ինչ-որ մեկին քննադատել, արեք դա արտադրությունում կոռեկտ կերպով: Դրա համար ունեք համապատասխան ժողով: Դուրս եկեք և ասեք, թող ինչ-որ մեկը հետո փորձի ձեր բերանը փակել: Մարդ պետք է ազատորեն արտահայտի իր կարծիքը»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ բացարձակ պետք չէ վախենալ հասարակական-քաղաքական կյանքի այս կամ այն դրվագները քննարկելուց:
«Խորհրդարանական ընտրություններ կլինեն, գնացեք ու քվեարկեք նրանց օգտին, ով ձեզ հարկավոր է, ում ցանկանում եք ընտրել: Ես անկեղծ եմ ասում և դա կապահովեմ»,- ասել է նա:
Լուկաշենկոյի խոսքով՝ եթե մարդկանց ինչ-որ խումբ փորձի դուրս գալ փողոցներ և անկարգություններ անել, ապա իշխանությունների ռեակցիան անմիջապես կհետևի դրան:
«Քանի որ կլինի այնպես, ինչպես Հայաստանում կամ Ղազախստանում: Մեզ դա հարկավոր չէ: Դա վարակ է, հիվանդություն: Եթե այն արդեն հասարակությունում ներդրվել է, ապա վայրկենաբար, ինչպես քաղցկեղ, կսկսի զարգանալ: Այդ ժամանակ շատ ջանքեր, միջոցներ ու Աստված չանի, կյանքեր կպահանջվեն դա հաղթահարելու համար»,- ասել է Բելառուսի նախագահը: