«Երբ հետևանքները դաժանությամբ մեր առջև են, կրկին ասում ենք` ժամանակը չէ…». Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներին՝ գրում է.

«Առաջին և երրորդ նախագահներն ասում են` տեղի ունեցածի պատճառներին այժմ չենք անդրադառնա: Մինչդեռ այս ամենում ամենակարևոր խնդիրը պատճառների վերացումն է: Քաղաքական ճգնաժամի հետևանքների վերացումը երբեք չի կարող տևական քաղաքական կայունություն ապահովել, եթե պատճառները վերացված չեն:

Այ այսպես էլ կառավարվել է երկիրը` միշտ ասելով` պատճառներին անդրադառնալու ժամանակը չէ, կոսմետիկ ու իմիտացիոն քայլեր են արվել՝ որևէ ճգնաժամի հետևանքները վերացնելու ուղղությամբ, որի համար համակարգն այլևս կուտակված խնդիրների բեռին չի դիմացել, ու հրաբուխը ժամանակ առ ժամանակ ժայթքել է: Լիդերի առաքելությունը պատճառները ժամանակին կանխատեսելն ու կանխելն է: Իսկ երկրի ղեկավարները ոչ միայն դա վաղօրոք չեն արել, այլև անգամ այժմ, երբ հետևանքները դաժանությամբ մեր առջև են, կրկին ասում են` ժամանակը չէ….

Իսկ երկրորդ նախագահը երբեք չի էլ մտածել, որ վերլուծություն անի: Նրանից սպասելիքներ ընդհանրապես չկան էլ: Նա տեղով պատճառ է…»:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես ասել էր. «Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով՝ հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն:

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը»:

Լևոն Տեր-Պետրոսյանն էլ նշել էր, որ ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, «որքան էլ դրանք դժվար լինեն և ողջամիտ ժամանակ պահանջեն». «Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սէֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, և նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից»:

Տեսանյութեր

Լրահոս