Բաժիններ՝

«Բռնին, բարձրացրին՝ տարան-տվին գետնին…». ոստիկանները կոտրել են կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը

Հուլիսի 21-ին ոստիկանները կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը կոտրել են: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պետք է հանդիպեր ընկերոջը, ով գտնվում էր Ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ.

«Ես զանգեցի իմ ընկեր Հարութին, որ տեսնեմ՝ որտեղ է, հանդիպեմ: Հույս ունեի, որ գոնե մի կաֆեում կհանդիպեմ, էն էլ պարզվեց՝ Էրեբունու քաղմասի մոտ է, պրոբլեմ ունի: Ասեցի՝ դե գալիս եմ, հո չէի՞ ասի՝ չեմ գալիս, որ քաղմասի դիմաց ես: Սևանի փողոցով եկա՝ Սասունցի Դավիթ-Բելինսկի խաչմերուկով մտա, մի տեղ կանգնեցրի մեքենաս:

Մի քանի տղաներ էին հավաքված, քայլեցի նրանց մոտ, ասացի՝ տղերք ջան, կարո՞ղ եմ ոտքով գնալ քաղմասի մոտ, ընկերս էնտեղ է, ասացին՝ ոչ: Ասացի՝ իսկ եթե ես ժուռնալիստ եմ (որովհետև մարդիկ կային՝ թողնում էին, ուզում էի հասկանալ՝ ինչո՞ւ միայն ինձ չեն թողնում), պատասխանը եղավ՝ ավելի վատ քո համար:

Ասացի՝ լավ, ուղղակի ուզում եմ ասել, որ ընկերս էնտեղ կանգնած՝ ինձ է սպասում: Այդ ընթացքում զանգեցի ընկերոջս և ասացի, որ չեն թողնում անցնել: Հենց ամենասկզբից մեկը «նիրյադ» էր լինում, ասում էր. «Արա, հելար, գնացիր ստեղից, բան…»: Ես էլ ասացի՝ արան դու ես, ա՛յ տղա: Այդ ընթացքում մի ուրիշ ոստիկանի հետ նորմալ դիալոգով խոսում էի, հարցնում էի՝ կարո՞ղ է կողքի փողոցով բարձրանամ, որովհետև ընկերս մի ձևով գնացել է, ինքն էլ ասում էր՝ երևի Խորենացիով է գնացել քո ընկերը»:

Կինոռեժիոսորի խոսքով՝ ոստիկանական սպիտակ վերնաշապիկ հագած մի տղա, որն ասել էր՝ «Ավելի վատ քո համար», հանկարծ պտտվում ու ասում է.

«Արա, հլա բռնեք դրան…»:  «Բռնին, բարձրացրին՝ տարան-տվին գետնին, ձեռքս էլ ոլորեցին: Էրեբունի հիվանդանոց գնացինք, ձեռքս ուռել էր, ասացին՝ փոքր կոտրվածք ունեմ: Հաղորդում տվեցի Ոստիկանություն: Գիշերը տղերքն Էրեբունու քաղմասից եկան օֆիս, հաղորդում տվեցի, հիմա էլ զբաղվում են այդ գործով»,- պատմեց կինոռեժիսորը՝ նշելով, որ դեպքը եղել է երեկ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում.

«Հիմա ձեռքս «ֆիքսատորի» մեջ է, ձախ ձեռքս է, ես էլ ձախլիկ եմ, ձախս օգտագործում էի 100%, աջը՝ 20 %: Հիմա մնացել եմ այդ 20 տոկոսի հույսին. անձեռ եմ մնացել»:

Կինոռեժիսորն այս գիշեր պետք է Բուրգաս մեկնի: Նրա «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը մասնակցում է բուլղարական կինոփառատոնին. «Հիմա չեմ էլ պատկերացնում՝ ի՞նչ է լինելու հետս մեկնելուց, հիմա ասում եմ՝ այս չափի ճամպրուկ տվեք, այն չափի տվեք, որ աջ ձեռքով կարողանամ քարշ տալ դրանք»,- իրավիճակի զավեշտը ներկայացրեց կինոռեժիսորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս