Բրայզան կարծում է, թե երևանյան իրադարձությունները միտված են ԼՂ բանակցությունների տապալմանը
Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակ կողմերը գրանցել են որոշակի արդյունք: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
«Խոսքը միայն այն մասին չէ, որ բանակցությունները նվազեցրել են լարվածությունը զորքերի շփման գոտում, դրանք նաև հանգեցրել են հակամարտության կարգավորման քաղաքական պահերի քննարկման մեկնարկին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո նույնպես վկայում են այն մասին, որ բանակցություններում որոշակի առաջընթաց է ձեռք բերվել:
Խոսելով ՌԴ նախագահի՝ հակամարտության կարգավորման հարցում ունեցած դերի մասին՝ Բրայզան նշել է, որ Վլադիմիր Պուտինը իսկապես անհանգստացած է, որ ապրիլի ճգնաժամը եղել է շատ լուրջ և մեծ սպառնալիք է ներկայացրել պատերազմի սկսման համար, որը ձեռնտու չէ Ռուսաստանին:
Փորձագետի խոսքով՝ Պուտինը կարող է խաղաղարարի դեր կատարել ԼՂ հակամարտությունում:
Անդրադառնալով ոորոշ վերլուծաբանների կարծիքներին, թե մինչև տարեվերջ Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի «օկուպացված 5 տարածքները», Բրայզան ասել է, թե չի կարծում, թե դա տեղի կունենա այդքան արագ:
«Նման հայտարարությունները ճնշում են գործընթացի նկատմամբ: Եվ ես կարծում եմ, որ անիրական է մի քանի ամսում իրագործել այդ քայլը»,- ասել է փորձագետը:
Ինչ վերաբերում է երևանյան վերջին իրադարձությունների մասին որոշ քաղաքագետների կարծիքին, թե դրանք (Երևանում ՊՊԾ գնդի գրավումը) ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի տապալմանը, Բրայզան համաձայնել է կարծիքի հետ, գրում է Trend-ը: