«Հայաստանը պետք է կանխի Թուրքիա-Ռուսաստան վտանգավոր դաշինքը Ղարաբաղի շուրջ». Ստյոպա Սաֆարյան

168.am-ի զրուցակիցն է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, երեկ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան չէր բացառել Թուրքիայի աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, թե յուրաքանչյուր երկիր, որը պատրաստ է իր դրական նպաստն ունենալ կարգավորման գործընթացին, կարող է դա անել: Սա պատահական հայտարարություն կարելի՞ է համարել, թեև իր կողմից պնդում ներկայացվեց, թե ԶԼՄ-ներն իրեն սխալ են հասկացել:

– Եկեք հասկանանք, որ ռուսական նախաձեռնությունը, որը մեծապես ինքնագործունեություն է, քան Մինսկի խմբի (ՄԽ) շրջանակներում տեղի ունեցող գործընթաց, պարզապես մի կերպ է զսպվում, ավելին, ակնհայտորեն, Արևմուտքը մի քանի նշաններ ցույց տվեց, որ այդքան էլ չի վստահում Ռուսաստանի նախաձեռնած գործընթացին: Հետևաբար՝ Մոսկվան ևս հասկանում է, որ առանց այլ երկրների աջակցության՝ չի կարողանա առաջ շարժվել: Այս առումով արժե հիշել Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման նախօրեին տեղի ունեցածը, երբ գրեթե շատ քիչ էր մնացել, որ ԵԱՀԿ-ն հայտարարեր, որ Մոսկվան ինքնագործունեությամբ է զբաղվում, և ինքը կապ չունի Մոսկվայի նախաձեռնությունների հետ: Սա բավականին խոսուն իրավիճակ էր: Մոսկվային այժմ պետք են պետություններ, որոնք գոնե կսատարեն այդ ինքնագործունեությանը: Նա գիտի, որ Արևմուտքը հրաշալի հասկանում է, որ իր ջանքերը կապ չունեն խնդրի կարգավորման հետ, այլ կապ ունեն Կովկասում ռուսական դիրքերի ամրապնդման հետ, հետևաբար՝ Մոսկվային պետք են այս կամ այն չափով ծանրակշիռ պետություններ, որոնք կօգնեն գործընթացի լեգիտիմացմանը:

Ռուսաստանը հրաշալի գիտի նաև, որ Թուրքիան չափազանց մեծ շահագրգռություններ ունի Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի օգտին խնդիրը լուծելու առումով: Ռուսաստանն անձամբ այս պահին և վերջին տարիներին խնդիր ունի Ադրբեջանին հրապուրելու: Այս կտրվածքով Թուրքիայի ընտրած երկիրը պատահական չէ, որքան էլ մոտ անցյալում նրանց հարաբերությունները վատթարացել էին ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետևանքով, ուստի, անգամ մի կողմ թողնելով անձնական վիրավորվածությունը, իմիջի խաթարումը, որ Թուրքիան հասցրեց Ռուսաստանին, միևնույն է, ՌԴ-ն հանուն իր հեռահար նպատակների՝ փորձում է Թուրքիային ներգրավել՝ իմանալով նրա շահագրգռությունները և, ինչ-որ առումով, դիրքային ընդհանրությունները:

Հետևաբար՝ Մարիա Զախարովայի հայտարարությունն ամենևին պատահականությունների շարքից չէ: Նա չպետք է փորձեր հետագայում մեղադրել լրագրողներին նրանում, թե ճիշտ չեն վերարտադրել իր խոսքերը: Բայց ես երեկ հետևում էի նրա ֆեյսբուքյան էջում տեղի ունեցողին, ակնհայտորեն, որքան էլ որ նա մեղադրի հայ և ադրբեջանցի լրագրողներին՝ կոնտեքստից իր խոսքերը կտրելու մեջ, այնուամենայնիվ նրան հիշեցրել էին, որ ռուսական ԶԼՄ-ները բացարձակապես նույն կերպ էին վերարտադրել իր խոսքը, հետևաբար՝ որևէ աղավաղվածության մասին խոսք լինել չի կարող: Թե ինչու Մարիա Զախարովան այդ պահին որոշեց նման բաներ անել, դա այլ հարց է, այնուամենայնիվ, նրա հայտարարությունը բացառապես արտացոլում է Ռուսաստանի մտահոգությունը՝ իր կողքին ունենալու պետություն կամ պետություններ, որոնք կլեգիտիմացնեն իր, այսպես կոչված, «միջնորդական ջանքերը»:

 – Մի երկար ժամանակահատված Ադրբեջանը փորձում էր Թուրքիային ավելի մեծ դերակատարություն վերագրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, երևի թե հիշում եք Ադրբեջանի ջանքերը ՄԽ կազմն ընդլայնելու և դրանում Թուրքիային ներառելու ուղղությամբ: Այսօր Թուրքիայում և Թուրքիայի շուրջ իրավիճակ է փոխվել, Արևմուտքը սպառնում է ՆԱՏՕ-ին անդամակցության դադարեցմամբ, ներքին իրավիճակը սրվել է, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման ցանկություն կա: Սա ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտությունում Թուրքիայի տրամադրվածության վրա:

– Թերևս, Մարիա Զախարովայի ու Ռուսաստանի դիրքորոշումը՝ Թուրքիային հրավիրելու մասնակցել գործընթացին, հենց ուղղակիորեն կապ ունի Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների հետ: Ռուսաստանը որսացել է պահը, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի, Թուրքիայի և Գերմանիայի, Թուրքիայի և Եվրոպայի, ՆԱՏՕ-ի հարաբերություններն անհարթ են, և պահը հարմար է, ՌԴ-ն բաց հրավեր է անում Թուրքիային՝ թեքվել դեպի իր կողմը՝ կովկասյան հարցերում դերակատարում ունենալու համար: Իհարկե, սա չի կարող չազդել, որովհետև նման գործընթացները թուլացնում են միջազգային կառույցների դերը տարածաշրջանում, թուլացնում են այդ դերը՝ կոնֆլիկտը կառավարելու առումով, իսկ ԼՂ հակամարտությունը, ինչպես անցած երկու-երեք տարիներին, պայթյունավտանգ վիճակում է, և ցանկացած վակուում, որը կարող է առաջանալ միջազգային ինստիտուտների, կառույցների թուլացման տեսքով, անշուշտ, ազդելու է դրա վրա:

Հետևաբար՝ այս առումով սա վատ գործընթաց է, բացասական միտում է, այնուամենայնիվ հասկանանք, որ Թուրքիայի հնարավորություններն այդքան էլ անսահմանափակ չեն: Իհարկե, Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել և իր գինը թանկացնել, ով թանկ կվճարի, նրա կողմն էլ կանցնի՝ լինի դա Թուրքիան թե Ռուսաստանը: Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը, կարծում եմ, չափազանց լուրջ դասեր է քաղել և՛ անցած ութ տարվա բանակցային գործընթացից, որը բերեց ապրիլյան պատերազմին, և՛ նաև այժմ տեղի ունեցողից, ըստ էության, այստեղ, թերևս, գրագետ գործելու խնդիր կա Հայաստանի համար:: Այնպես չէ, որ մենք դաշնակիցներ չունենք, մենք ունենք շահային ընդհանրություներ Արևմուտքի, ԵՄ-ի, անգամ ՆԱՏՕ-ի հետ:

Հետևաբար՝ այս առումով մենք նույնպես պետք է թույլ չտանք և կանխենք այդ վտանգավոր դաշինքը, որը ոչ միայն կարող է վտանգի տակ դնել կայունությունը մեր տարածաշրջանում և ՀՀ-ում, այլև ստեղծել բավականին ինստիտուցիոնալ դեֆիցիտ: Չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա:

– Ինչպե՞ս թույլ չտանք, եթե Երևանում ստեղծված այս օրերի իրավիճակը, մինչ դա խոսակցություները, իրարանցումը, թե հայկական կողմը պատրաստվում է հողեր հանձնել, մեծ անորոշություն են ստեղծել, ավելին, օր օրի տեսնում ենք, որ հայկական դիրքերը թուլանում են բանակցային սեղանի շուրջ: Ինչո՞վ պետք է Հայաստանը փորձի վերականգնել իր դիրքերը և թույլ չտալ նման ծրագրերի իրագործում:

– Իհարկե, մենք նաև մեկ այլ խնդրի ազդեցություն ենք ունենալու՝ այս ներքին իրավիճակի ազդեցությունը, որը, եթե ուղղակիորեն կապ չունի կարգավորման տարբերակի հետ, քանի որ «Սասնա ծռեր» խումբը կամ «Հիմնադիր խորհրդարանը» պնդում են, որ իրենց գործողություններն այս պահին կապ չունեն դրա հետ, այնուամենայնիվ իշխանության ներքին թուլություններն ազդելու են բանակցային գործընթացի վրա: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք ՀՀ իշխանութուններին, որ ներսում ամեն ինչ կարգին պետք է լինի, որպեսզի ՀՀ-ի դիրքերը բավականին ամուր լինեն բանակցային սեղանի շուրջ:

Այս կտրվածքով ոչ միայն ներքին խնդիրները շատ արագ ու ճիշտ պետք է լուծվեն, այլև ՀՀ-ն մեկ միլիմետր անգամ չպետք է նահանջի այն դիրքերից, որոնք հաստատված են: Հայտարարություններն արված են, դիրքորոշումները հայտնված են, այդ դիրքորոշումներից որևէ կերպ նահանջ չպետք է տեղի ունենա: Նկատի ունեմ՝ բանակցային ձևաչափի լիարժեք վերականգնում, ՄԽ ձևաչափի վերականգնում, Վիեննայի պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Իրավիճակն անհույս չէ, պետք է դրան լուծում տալ:

Տեսանյութեր

Լրահոս