Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել հետևյալի մասին՝
Ցանկացած տարածքում արտակարգ դրություն մտցնելու համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի հրաման, որն անմիջապես պետք է հրապարակվի բոլոր ԶԼՄ-ներով: Այս պահի դրությամբ նման հրաման չկա:
Թեպետ Ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցող դեպքերն արտակարգ են, Հայաստանում հայտարարված չէ արտակարգ դրություն և գործում են քաղաքացիների բոլոր իրավունքները, ինչպես այլ օրերին (այդ թվում՝ խաղաղ հավաքների կամ ազատ տեղաշարժվելու իրավունքները):
Քաղաքացին իրավունք ունի ոստիկանին բնակարան չթողնել, եթե վերջինս չի ներկայացնում դատարանի, քննիչի կամ լիազոր այլ մարմնի գրավոր որոշում (օրինակ՝ խուզարկության, կամ բերման ենթարկելու որոշում):
Քաղաքացին իրավունք ունի նկարահանելու ոստիկանության ցանկացած գործողություն և այդ կադրերը համացանց բեռնելու: Այդ թվում՝ քաղաքացին իրավունք ունի նկարահանելու իրեն բերման ենթարկող ոստիկաններին բաժնի ճանապարհի ողջ ընթացքում:
Ոստիկանը քաղաքացուն դիմելուց պարտավոր է ներկայանալ (նշել իր անունը, ազգանունը, կոչումն ու պաշտոնը) և քաղաքացու խնդրանքի դեպքում պարտավոր է նաև ցույց տալ իր վկայականը (անգամ, եթե նա համազգեստով է):
Քաղաքացին պարտավոր չէ ոստիկանի հրավերով գնալ բաժին: Նման պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ ոստիկանը քաղաքացուն բերման է ենթարկում, կամ ձերբակալում է, կամ եթե քաղաքացուն նախապես գրավոր ծանուցագիր է տրվել:
Քաղաքացին պարտավոր չէ հավատալ ոստիկանության աշխատակցի բանավոր խոսքին:
Քաղաքացին (եթե մեքենայի վարորդ չէ) պարտավոր չէ ոստիկանին ներկայանալ կամ անձնագիր ցույց տալ:
Ոստիկանը պարտավոր է քաղաքացուն անմիջապես հայտնել իրեն կանգնեցնելու, իրեն այցելելու կամ իրեն դիմելու պատճառների և իրավական հիմքերի մասին, իսկ բաժին տանելու դեպքում՝ նաև կարգավիճակի և իրավունքների մասին:
Բաժին տարված քաղաքացին իրավունք ունի իր մտերիմներին անմիջապես հայտնել իր գտնվելու վայրի մասին և բացարձակ ոչինչ չասել, մինչ իր փաստաբանի ժամանումը:
Որևէ պարագայում ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն սպառնալ, վիրավորել ու խոշտանգել: Խստիվ արգելվում է քաղաքացու վրա հոգեբանական ճնշման գործադրումը: Այդպիսի գործողությունների համար ոստիկանը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:
Ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն հորդորել որևէ իրավիճակում չօգտվելու իր իրավունքներից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»